Տղամարդկանց 7 տոկոսն անպտղության խնդիր ունի
Առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունները փաստել են, որ ամբողջ աշխարհում անպտղության աճի միտում կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ սեքսոպատոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը: Նա նշեց, որ տարեկան 2-3 միլիոն զույգ է գրանցվում, որ տառապում է անպտղությունից:
Տղամարդկանց 7 տոկոսն ունի անպտղության խնդիր, որը եթե վերածում ենք թվերի, ապա հասկանալի է դառնում, որ ամբողջ աշխարհում երեսունից քառասուն միլիոն տղամարդ ունի այս խնդիրը: Հակոբյանը ուշագրավ համարեց այն, որ այս ցուցանիշն առավել բարձր է, քան շաքարային դիաբետի տարածվածությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սեքսոպատոլոգը հայտնեց, որ այստեղ մեծամասշտաբ հետազոտություններ արված չեն, սակայն ըստ դիմելիության՝ կարելի է արձանագրել, որ անպտղության աճ կա: ՛՛Որոշակի աճման տենդենց նկատվում է, իսկ պատճաների մեջ նշանակություն ունեն իննսունականների թերսնուցման, օրացույցային պատվաստումների չկատարելը:
Մենք նաև մեկուսացված չենք, և բոլոր գործոնները, որ կան այլ երկրներում, նշանակություն ունեն նաև Հայաստանում՛՛,-ասաց Հակոբյանը: Անպտղության պատճառներից են նաև մանկական հիվանդությունները, օրինակ՝ խոզուկը, սեռավարակները, որոնք լիարժեք չեն բուժվում: Երկարատև նստակյաց վիճակը, համակարգիչները ևս բացասական ազդեցություն են ունենում սեռական գեղձերի վրա:
Սևադա Հակոբյանը կարևորեց այն, որ ներկայումս ավելի շատ է ամուսնու պատասխանատվությունը: ՛՛Տղամարդիկ հիմա ավելի պատասխանատու են զգում ու կատարում են համապատասխան հետազոտություններ ու բուժումներ՛՛,-եզրափակեց նա: