Հերմինե Նաղդալյանը` Տարոնի դեմ կուսակցական “ընդդիմության” մասին
Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից եւ կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Այս առիթով պարզաբանումներ է տվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:
“ Որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, որեւէ տեղ ոչ տեսել, ոչ լսել եմ նման կոալիցիայի գոյության մասին եւ չէր էլ կարող նկատվել մի բան, որը չկա: Տեսնես այդ ում պայծառատես աչքն է ընդունակ նկատել երեւույթներ, որոնք բնության մեջ գոյություն չունեն:
Հանրապետական կուսակցության որոշումները լրջորեն մտածված, հաշվարկված, կշռադատված որոշումներ են, այդ թվում նաեւ`Երեւանի քաղաքապետի առաջադրման վերաբերյալ, եւ մենք մեր առաջադրումները անում ենք ոչ թե սիմպատիաներից, թայֆայականությունից, խմբային ինչ- որ նկրտումներից ելնելով, այլ նրանից, թե որքանով կան հիմքեր դրա համար : Բոլորին էլ հայտնի է, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը որքան առաջադեմ կառավարում է իրականացրել եւ որքան արդյունավետ է աշխատել իր այս կարճաժամկետ գործունեության ընթացքում:
Քայլեր, որոնք շատ պոպուլյար են եւ կարեւոր են եղել բնակչության համար. դրանք բազմաթիվ են: Մենք կարող ենք շատ-շատ օրինակներ բերել, բայց ցանկացած երեւանցու հարցրեք եւ ձեզ նման քայլերի բազմաթիվ օրինակներ կբերեն:
Այնպես որ, Հանրապետական կուսակցության ` Տարոն Մարգարյանին առաջադրելու մասին որոշումը հիմնված է, նախ եւ առաջ, այն խիստ արդյունավետ աշխատանքի վրա, այն արդյունքների վրա, որոնք մենք ունենք այս ընթացքում: Դրանցով է Հանրապետական կուսակցությունը գնում ընտրության, եւ ձեր նշած դիտարկումները համարում եմ խիստ մտացածին, չեմ տեսնում դրանց համար որեւէ հիմք:
ՀՀԿ գործադիր մարմինը միաձայն որոշում է ընդունել եւ այդ որոշման մեջ առաջին հերթին արտահայտված է գոհունակությունը Տարոն Մարգարյանի այս ընթացքում կատարած աշխատանքներից եւ այն վստահությունը, որ ընտրվելուց հետո էլ շարունակվելու է այս կուրսը, եւ մեր աչքի առաջ փոփոխվող քաղաքը, մեր քաղաքացիների կյանքի բարելավման պայմանները, այն ինչ-որ քաղաքապետարանի լիազորությունների, իրավասությունների շրջանակներում է, շարունակվելու է հենց այս ոգով”: