Նրանք պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն
“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն ինչու չպիտի հանդիպի իր մեծությամբ 2-րդ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի հետ: Մենք աշխատում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ”,-այսօր Սահմանադրական դատարանի առջեւ` բացօթյա ասուլիսում ասաց “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե սոցցանցերում քննադատվեց այդ հանդիպումը եւ հարցին, արդյոք դա չի ազդի շարժման վարակնիշի վրա:
Խոսնակը նաեւ ասաց, որ ինքը չի տեսնում պատճառներ, որ իրենք պիտի խուսափեն նման հանդիպումներից:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի հետ եւս քաղաքական կոնսուլտացիաների հնարավորությանը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք դեմ չեն եւ պատրաստ են երկրում ստեղծված վիճակից ելքերը քննարկել ցանկացած ուժի հետ, բայց թե ինչ ձեւաչափ կնախընտրի ՀԱԿ-ը` դա իրենց որոշելիքն է: Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ հետ հանդիպումը կայացել է երկու կողմերի ցանկությամբ:
Լրագրողները Հովսեփ Խուրշուդյանին խնդրեցին մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավորների այն հայտարարությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ավդլի շուտ պարապ մնալով կգնա վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի մոտ, քան նրանք կգան Ազատության հրապարակ:
Խոսնակը ասաց, որ դատարկ խոսակցությունները չի մեկնաբանում: Henaran.am-ի հարցին, արդոք անիրատեսական չէ նշված պաշտոնյաներին Ազատության հրապարակ հրավիրելու Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը, Խուրշուդյանն ասաց` ոչ, դա հանրային հաշվետվության հրավեր է եղել:
“Նրանք չէին գալու Րաֆֆի Հովհաննիսյանին հաշվետվություն տալու: Դա հանրային հաշվետվության հրավեր էր: Ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ երկրում նման հրավերը կհարգվեր, կգան թե չեն գա` կտեսնենք վաղը”.-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: