Նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել. Կարապետ Ռուբինյան
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ ”Ժառանգության”` մարտի 2-ին կայացած հանրահավաքին մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քանի որ մարդիկ կոնկրետ քայլերի են սպասում, իսկ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դրանք դեռևս չի ներկայացնում:
”Երևի նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել, երևի սխալն այն է եղել, որ չեն ասել կոնկրետ ծրագրեր, երևի ավելի արագ զարգացումների ականատես պիտի լիեին մասնակիցները, որպեսզի գային և մասնակցեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբինյանը:
Հարցին, թե ինչ զարգացումների է սպասում Ռուբինյանն, ով այժմ Հովհաննիսյանի կողքին է, պատասխանեց. ”Ես, ի սկզբանե, ակնկալում էի, որ պիտի հասարակության լայն շերտերի, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական սեկտորի լայն շերտերի կոնսոլիդացիա առաջանա, և պիտի իշխանությունները տեսնեին, որ ամբողջ ժողովուրդն ընդվզել է ու դրա հետ հաշվի նստեին, բայց տեսնենք, թե ինչ կլինի”:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով մշտապես կողմնակից է ”Ժառանգության” նախաձեռնություններին, մեզ հետ զրույցում համաձայնեց, որ երկարատև պայքարը կարող է բերել հանրահավաքների ավելի ու ավելի քիչ թվով մասնակիցների:
”Ժողովրդի մնալը շատ բարդ է, իհարկե, կհոգնի ժողովուրդը, իհարկե չի մնա և կհուսահատվի ու կգնա, բայց որ պայքարը երկարատև է , հաստատ է, որովհետև չի եղել որևէ երկիր գոնե իմ իմացած փորձից պատմության մեջ, որ մի շարժումով իշխանությունները հեռանան: Նրանք չեն հեռանում կամավոր , իշխանությունները կարող են գնալ միայն արտահերթ ընտրությունների արդյունքում”,-կարծում է Հարությունյանը: