15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ օրեր առաջ արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80 տոկոսը: Պետականացված տարածքի մեջ են մտնում  հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին,  ասորական ու բողոքական  եկեղեցիներ:

Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները սկսել են աշխատել այս ուղղությամբ և բողոքարկման դիմում կներկայացնեն դատարան:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փաստաբաններից Ալի Էլբեյօղլուն իր հերթին նշելով, որ նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է ուղղել նույն խորհրդի նոր որոշմամբ, հավելել է. «Սակայն սա չպետք է թողնել վարչակարգի հայեցողությանը: Մենք պետք է իրավական գործընթացի շրջանակներում դատարան դիմենք»:

Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական  է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,-ասել է փաստաբանը:

Նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տնօրեն Ադնան Էրթեմը հայկական «Ակոս» թերթին պարզաբանումներ է տվել Սբ. Կիրակոս եկեղեցու շտապ պետականացման վերաբերյալ:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ այդ որոշումը ուղղված է պատմական շինությունների պահպանմանը: Ըստ Էրթեմի` որոշումը պատմական շինությունների շրջակայքում իրականացված ապօրինի կառուցապատումից ազատվելու իրավասություն է տալու, ինչը թույլ կտա ապահովել այդ շինությունների տեսանելիությունը:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին  վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ