Շնորհակալություն ֆրանսիացի պատգամավորներին և սենատորներին
Ֆրանսահայ Nouvelles d’Armenie պարբերականի խնդրանքով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել է Ֆրանսահայ կազմակերպությունների կողմից անցկացված` Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ երկու ադրբեջանցիների սադրանքի առնչությամբ:
Մամուլի ծառայության արձագանքը ներկայացնում ենք ստորև.
“Հայաստանի դեսպանությունը դատապարտում է ֆիզիկական բռնությունը, որը մթագնեց Ազգային Ժողովում փետրվարի 26-ին կայացած ”Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները” խորագրով հիշատակի երեկոն, որի ավարտին երկու ադրբեջանցի անձինք խորապես դատապարտելի սադրանք կազմակերպեցին, ինչն ադրբեջանական կողմը փորձեց օգտագործել քարոզչական նպատակներով` հեղինակազրկելով ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող ֆրանսիական խորհրդարանը:
Մենք խստորեն դատապարտում ենք ռասիստական քաղաքականությունը Ֆրանսիա արտահանելու ցանկացած փորձ, առավել եւս, երբ որպես գործիք օգտագործվում է երիտասարդ սերունդը, որին մեր խորին համոզմամբ, պետք է պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
Ստեղծված իրավիճակում դեսպանությունը նպատակահարմար է համարում մի քանի հարցադորւմներ անել, որոնք լույս կսփռեն իրականում տեղի ունեցածի վրա։ Ո՞րն էր ֆրանսերեն չիմացող ադրբեջանցի ”ուսանողի” Ազգային Ժողովում կոնֆերանսին մասնակցելու նպատակը:
Ինչպե՞ս էին այդ երկու անձինք, որոնց անունները առկա չէին կազմակերպիչների կողմից ներկայացված ցուցակում, ներթափանցել Ազգային ժողովի տարածք: Ինչպե՞ս էր ադրբեջանական
դիվանագիտական մեծ պատվիրակությունը, ”անսպասելի” միջադեպից րոպեներ անց
ադրբեջանցի լրագրողների եւ նկարահանող խմբի ուղեկցությամբ հասել ԱԺ
տարածք:
Այս հանգամանքների համադրմամբ պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ադրբեջանական կողմի նախապես մշակված և հեռակառավարված սադրանքի հետ, որի նպատակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովը դարձնել հակահայ քարոզչության գործիք, ապակողմնորոշել հանրային կարծիքը և վարկաբեկել ֆրանսիացի այն պատգամավորներին, որոնք Բաքվի կողմից հռաչակված են ”persona non grata” (օր. Ֆրանսուա Ռոշբլուանը, որը գտնվում էր դահլիճի հակառակ կողմում, երբ
միջադեպը տեղի ունեցավ):
Դեսպանությունն օգտվելով առիթից ցանկանում է շնորհակալություն հայտնել ֆրանսիացի բոլոր պատգամավորներին և սենատորներին, որոնք այս ընթացքում իրենց աջակցությունն ու համերաշխությունն են արտահայտել` դատապարտելով այս սադրանքը: Մենք այս պահին կոչ ենք անում հանդարտության և հանդուրժողականության, ինչպես նաև շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին”: