244.9 մլն դրամ՝ առողջապահության նախարարությանը
Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Առողջապահության նախարարությանը 244.9 մլն դրամ հատկացնելու հարցը: Նշենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հանրապետությունում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը, և հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Ներկայում ծրագրի I փուլը դեռ ավարտված չէ, և ընկերությունը իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Ընկերությունը հնարավորություն կստանա իրականացնել 2016 թվականի պահպանման ծախսերը և անհրաժեշտ կահույքի ձեռքբերումը և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները, մինչև ռադիոիզոտոպների արտադրություն գործարկումը և ծրագրի I փուլի ավարտը:
Նախագիծը ներկայացնելու հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նախագահի աշխատակազմի հետ երեք օր ժամանակ են խնդրել, որ աշխատեն խմբագրական բնույթի փոփոխությունների վրա: Ֆինանսների նախարարությունը ևս առաջարկեց մասնակցել այդ քննարկումներին:
Վարչապետը հացեց, թե արդյոք սա դեռ չի՞ քննարկվել:
«Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարություն նիստում, բա ինչո՞ւ համաձայնությունները չեք հավաքել»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանն ասաց, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարական կոմիտեում, եղել են առաջարկներ, և երեկ ուշ երեկոյան եղել է առաջակ ևս խմբագրական որոշակի փոփոխություններ անելու՝ նախագահի աշխատակազմի և ֆինանսների նախարարության կողմից:
«Հիմա, պարոն Մուրադյան, մենք այս գումարով ավարտո՞ւմ ենք լրիվ աշխատանքը և լիովին սկսո՞ւմ ենք գործարկել կենտրոնը»,-հետաքրքրվեց վարչապետը, նախարարը հաստատեց:
Վարչապետը երեք օր ժամանակ տրամադրեց հարցը Նախագահի աշխատակազմի և ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար: