Ծնող «քրֆելու» համար մատուցողի եղբայրը ծանր վիրավորել է ռեստորանի տնօրենին. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
25-ամյա Արտակը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արտակ Առաքելյանը եղբոր հետ գնացել է Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ֆորում» ռեստորան, որտեղ վիճաբանության մեջ է մտել ռեստորանի տնօրեն Արտակ Գևորգյանի հետ:
Վիճաբանության ընթացքում Առաքելյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել է ծանր վնաս՝ որովայնի խոռոչի ծակած-կտրած թափանցող, ձախ թոքի վերին բլթի, կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող, ձախ ազդրի հետին մակերեսի, նստատեղի աջ կեսի, գոտկաշրջանի հարողնաշարային հատվածի ծակած-կտրած արյունահոսող վնասվածքների, աջակողմյան պնևմոհիդրոթորաքսի ձևով:
Արտակ Առաքելյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար:
Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքը իրենց գյուղից՝ Արարատի մարզի Արբաթ գյուղից դուրս գալու ժամանակ ճանապարհին դանակ է գտել պատահաբար, մտածել է, թե այն կարող է իրենց գյուղի անասնապահներից մեկինը լինել, ու վերցրել է դանակը:
Իրեն զանգահարել է եղբայրը ու հայտնել է, թե վիճել է իր աշխատավայրի՝ «Ֆորում» ռեստորանի տնօրենի հետ, վերջինս «ծնող» է հայհոյել իրեն:
Ըստ ամբաստանյալի՝ ինքն ու եղբայրը հանդիպել են, միասին գնացել են ռեստորան՝ տնօրենի հետ խոսելու, նրա տված հայհոյանքի հարցը պարզաբանելու:
Ռեստորանի դիմաց հանդիպել են ռեստորանի մենեջեր Տիգրանին, ով հորդորել է կռիվ չսկսել, ինքն էլ ասել է, թե չեն կռվելու:
Այդ ժամանակ ռեստորանից դուրս է եկել տնօրեն Գևորգյանը: Իրենց մեջ քաշքշուկ է առաջացել: Ինքը չի հիշում, թե քաշքշուկի ժամանակ ինչպես է դանակը հանել գրպանից ու հարվածներ հասցրել Գևորգյանին:
Ինքը ռեստորան գնացել էր միայն ճշտելու, թե տնօրենն ինչու է սեռական բնույթի հայհոյանք տվել իր ծնողի հասցեին: Ինքը Գևորգյանին դանակահարելու, կյանքից զրկելու նպատակ չի ունեցել:
Ամբաստանյալի եղբայրը՝ գործով վկա Արսենը, հայտնել է, թե աշխատել է «Ֆորում» ռեստորանում՝ որպես մատուցող:
Դեպքի օրը տնօրեն Արտակ Գևորգյանը վիճել է իր հետ՝ պոլիէթիլենային տարաները դասավորելու հարցի շուրջ: Նա վիրավորել է իրեն, հայհոյել է իր ծնողի հասցեին, հարվածել է իրեն:
Ինքը վրդովված դուրս է եկել ռեստորանից, զանգել է եղբորը՝ Արտակին: Պատմել է կատարվածի մասին:
Նույն օրը ինքն ու եղբայրը գնացել են ռեստորան: Վիճաբանել են տնօրենի հետ: Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Տնօրենն ընկել է գետնին:
Երբ վեճը դադարել է, ինքն ու եղբայրը հեռացել են: Ճանապարհին եղբոր մոտ ինքը դանակ է նկատել: Եղբայրն ասել է, թե դանակը գտել է գյուղամիջյան ճանապարհից: Եվ այդ դանակով ռեստորանի տնօրենին վնասվածքներ է պատճառել կռվի ժամանակ:
Տուժողը՝ «Ֆորում» ռեստորանի տնօրենը, ընդունել է, որ դեպքի օրն ինքը դատարկ արկղերը դասավորելու շուրջ վիճել է մատուցող Արսենի հետ: Վերջինս վիրավորվել ու ռեստորանից դուրս է եկել:
Հետագայում ինքը զանգել է Արսենին, որ զրուցեն ու հաշտվեն, բայց հեռախոսին պատասխանել է Արսենի եղբայր Արտակը: Նա առաջարկել է հանդիպել ռեստորանի մոտ ու պարզաբանում կատարել:
Նույն օրը ռեստորանի մուտքի մոտ հանդիպել է եղբայրներին: Արտակ Առաքելյանն անմիջապես մոտեցել է իրեն, սկսել է հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին:
Ինքը ներկաների ձայներից հասկացել է, որ Արտակի ձեռքին դանակ կա: Նկատել է, որ իր հագուստին արնանման հետքեր կան:
Իրեն տեղափոխել են բժշկական կենտրոն, ենթարկել են վիրահատության:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ, ինչպես նաև՝ հանցավոր արարքը կատարել է տուժողի հակաբարոյական վարքագծի պատճառով:
Տուժողն ու ամբաստանյալը հայտնել են, թե հաշտվել են: Տուժողը ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ առաջ չի քաշել: Ամբաստանյալ Արտակ Առաքելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է:
Արտակ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 8-ից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: