25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքանո՞վ ենք ապրում պատվիրանների համաձայն

Գարեգին Բ Աամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով, որն այս տարի նշվում է Մարտի 27-ին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ պատգամում նշված է.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Յարեար ի մեռելոց Քրիստոս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցեր
Արարածոց քոյով յարութեամբդ»
(Շարական):

Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,
Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց:
Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգևեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում և հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի և մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու և հավիտենական կյանքին արժանանալու: Առաքյալի խոսքի համաձայն` «հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. Ե 17), քանզի Աստծո Միածին Որդին, Փրկիչ մեր Տերը «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Քրիստոսի Ավետարանը հարության Ավետարանն է, հավիտենության Ավետարանն է, կյանքի Ավետարանն է, որի միջոցով է մեզ հասու Աստծո անսահման սիրո իմացությունը, հոգիները կենդանացնող տերունական ձայնը, Քրիստոսի Հարության ճշմարտությունը:

Այսօր Տիրոջ հրաշափառ Հարության խորհրդի առջև բնականից բարձրանում է հարցը` որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի և պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում` հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ և խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետևե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգևոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբբային:

Գիտության, կրթության անօրինակ առաջընթացի հետ մեր ժամանակներում ականատեսն ենք նաև ավանդական արժեհամակարգի փլուզման, մարդու բարոյական անկման և հոգևոր սնանկացման երևույթների: Կյանքի հարմարավետության, արագահասության հնարավորությունների պայմաններում նույնիսկ` մարդիկ, անգամ ընտանիքի անդամներ, օտարանում են միմյանցից: Բարիքների առատության մեջ ոչ թե կարիքն ու թշվառությունն են վերանում, այլ խորանում է հասարակության բևեռացումը: Տեխնոլոգիաների առաջընթացը կյանքի դյուրություններ ստեղծելու հետ հանգեցնում է նաև նոր հնարանքներով ընթացող պատերազմների և ահաբեկչությունների, որոնք շարունակաբար ցնցում են աշխարհը` դառնալով համընդհանուր սպառնալիք մարդկության համար: Նման իրողությունների առջև և մշտապես հարկ է անդրադառնալ և բարձրաձայնել աստվածային արդարության ու հատուցման մասին այս աշխարհում և հանդերձյալում, որը վերահաս է բոլոր անհատներին ու ժողովուրդներին: Արդարև, քրիստոսաշնորհ հարությունը միայն պարգև չէ, այլև` դատաստան, ինչպես ասում է Ավետարանը. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28-29): Հարության, կյանքի ճանապարհը հրաժարումն է այն ամենից, ինչը դարձնում է գերի մեղքին, քանզի «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք» (Հռոմ. Զ 23): Այս իմաստով է առաքյալը կարևորում երկնայինը հագնելը, «որպեսզի ինչ-որ մահկանացու է, կլանվի կյանքից» (Բ Կոր. Ե 4): Մահը կլանող կյանքը դա կյանքն է հոգևոր լիության, ձգտումն ու ջանքը` մտքով, սրտով, հոգու ողջ զորությամբ Աստծով ապրելու, ապրելու Ավետարանի պատգամներով, որոնք հարուցյալ կյանքի ուժն են ներարկում Քրիստոսին ապավինած անձանց ու ժողովուրդներին:

Տագնապներով ու ցնցումներով լի աշխարհը, նաև մեր իրականությունը, որ նույնպես բազմահոգ է դժվարություններով ու խնդիրներով, կարող են վերափոխվել քրիստոսաշնորհ հոգևոր լիության կյանքով, հաղթահարելով մարդկային ցավերն ու ողբերգությունները և ամենուր հաստատելով հիմքերը ապահովության ու բարօրության: Քրիստոսի Հարությունը մշտահունչ հրավեր է, որ աշխարհը վեր հառնի մեղքից դեպի շնորհ, և ամենայն մահասփյուռ, ավերիչ իրողություն կլանվի Աստծով ապրող և առաջնորդվող կյանքից: Քրիստոսի Հարությունը հիմքն ու հաստատությունն է հավատքի, որ լուսավորում է մարդկանց սրտերը, նեղությունների հորձանուտում շնորհում հույս ու մխիթարություն, տառապանքների գողգոթաներում` հառնելու ուժ և զորություն, պարգևում խրոխտ ու արիասիրտ ոգի` արդար մարտնչումներում, նվիրումի ոգեշնչում, բերկրանք ու խնդություն` ապրելու և արարելու: Այս ոգին ու ընթացքը հարազատ են և բնորոշ մեր ժողովրդին, մեր կյանքին ու պատմությանը և լուսավորում են մեր ներկան ու ապագան: Վեր հառնելու, դժվարությունների առջև չընկրկելու, նոր կյանք կերտելու վկայությունը մեր ժողովուրդը բերեց վերահաստատելով մեր անկախ պետականությունը, որի 25-ամյա տարեդարձն է այս տարի: Մեր հայրենիքի զորացմանը, համազգային մեր կյանքի շինությանն ու պայծառությանն ուղղված մեր ջանքերում և այսօր ծառացած մարտահրավերների առջև, սիրելիներ, Քրիստոսի Հարության հավատքն ու լույսն ունենք մեզ առաջնորդող, արդ, մեր կյանքը լցնենք մեր Տիրոջ սիրով, միմյանց զորակցությամբ, ավետիսներով բարի գործերի: Զատկական խորհրդով այսօր մեր հոգիներին շողում է քրիստոսապարգև հարության երկնային շնորհը, որը դրոշմվում է մեր կյանքին, երբ ապրում ենք հավատքով ու քրիստոնեական արժեքներով, մեր մերձավորների, մեր ժողովրդի, հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար: Միածնաէջ այս Սուրբ Տաճարում աղոթում և մաղթում ենք, որ մեր ժողովրդի ամեն զավակ Քրիստոսի Հարության ավետիսն ընդունի նորոգված հավատքով, և մենք` իբրև ազգ, առ Քրիստոս մեր Տերը սիրով, մեր արդար ու արժանավոր գործերով միշտ ընթանանք առաջընթացի ուղիով` մեր շուրթերին ունենալով մշտահունչ փառաբանությունը.

«Յարեար ի մեռելոց Քրիստոս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցեր
Արարածոց քոյով յարութեամբդ»:

Քրիստոսի Սուրբ Հարության տոնի ուրախությունը մեր սրտում ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին։

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` հարուցյալ Քրիստոսի երկնահեղ բյուր շնորհները հայցելով Տիրախնամ նրանց հոտին։

Սուրբ Հարության ավետիսով Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:

Զատկական այս հուսառատ և շնորհաբեր օրը Մեր հայցն է, որ hարուցյալ Քրիստոսի շնորհները տարածյալ լինեն համայն աշխարհում և հայրենի մեր երկրում, ամենուր տիրի խաղաղություն, և մարդկությունը` վեր հառնած ողբերգությունների, վշտերի ու նեղությունների անձավներից, հույսով ու հավատով կերտի իր կյանքը` լի սիրով, եղբայրությամբ ու համերաշխությամբ։

Թող սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և ողորմությունն Աստծո լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ