«Մարինեն իմ մուրազն էր՝ նույնիսկ ամուսնացած ժամանակ…» անչափահասը մանրամասներ է պատմել արյունալի դեպքի մասին. Ժամանակ
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Հակոբ Բ.-ի գործի դատական քննությունը:
41-ամյա Հակոբը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Հակոբ Բ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, դատվածությունները մարված են:
Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում:
Հակոբին այցելել է ընկերը՝ Արտակը՝ Արմավիրի մարզի բնակիչ: Նա խնդրել է, որ գիշերի Հակոբի տանը, ուշ ժամին իրենց գյուղ չմեկնի:
Հակոբը թույլ է տվել: Տղամարդիկ սեղան են նստել, ընթրել, խմել են օղի ու գարեջուր:
Երեկոյան ընթրիքին ներկա է եղել նաև հոր՝ Հակոբի բնակարանում գտնվող անչափահաս՝ 13 տարեկան որդին:
Սեղանի շուրջ Հակոբն ու Արտակը զրուցել են: Հյուրը անկեղծացել ու հարցրել է, թե որտե՞ղ է Հակոբի նախկին կինը՝ Մարինեն (անունը փոխված է): «Մարինես ո՞ւր ա, գիտե՞ս՝ Մարինեն իմ մուրազն էր՝ նույնիսկ ամուսնացած ժամանակ…»:
Հակոբը անթույլատրելի է համարել որդու ներկայությամբ նախկին կնոջ հասցեին խմած տղամարդու նմանօրինակ խոսակցությունը: Նա սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու տեղնուտեղը հարվածել է Մարինեի մասին ջերմ խոսքեր ասող Արտակին:
Այնպես է հարվածել, որ դանակի շեղբը կոթից պոկվել է:
Հարվածից հանկարծակիի եկած Արտակը տեղից պոկվել ու դուրս է փախել: Բայց Հակոբը դանակի մեկ հարվածով չի բավարարվել: Նա խոհանոցից մեկ ուրիշ դանակ է վերցրել ու հետապնդել է փախչող Արտակին:
Դանակահարության այս տեսարանին ներկա դեռահաս տղան, ցավոք, ականատես է եղել նաև գործողությունների հետագա՝ ավելի արյունալի զարգացմանը:
Հակոբը, դանակը ձեռքին, Արտակի հետևից վազել ու նրան հասել է բակում: Նա դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտակին՝ այտային շրջանին, երկու ազդրերին, կրծքավանդակին, որովայնին: Պատճառել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ որովայնի խոռոչ թափանցող, երիկամի և աղիների վնասումով վերքեր է պատճառել՝ Արտակի առողջությանը հասցրել է ծանր վնաս:
Հակոբը «սթափվել է» տուժողի ընկնելուց ու նրա մարմնից հոսող առատ արյունը տեսնելով: Նա դադարեցրել է հարվածներ հասցնելը, շոկային վիճակում գտնվող որդուն ուղարկել է շտապօգնություն զանգելու, ինքը ցանկացել է օգնել տուժողին, լվացել է վերքերն ու արյան հետքերը…
Հակոբի նախկին կին Մարինեն, որ գտնվում էր հարևանությամբ, բակից աղմուկ է լսել, աղմուկի մեջ տարբերել է Հակոբի ձայնը, ենթադրել է, թե նա հերթական անգամ վիճում է իր մոր հետ, ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն:
Դուրս գալով բակ՝ Մարինեն հանդիպել է որդուն, ով էլ մորը պատմել է քիչ առաջ ծավալված դրամատիկ ու արյունալի պատմությունը:
Շտապօգնությունն ու ոստիկանները դեպքի վայր են հասել: Տուժող Արտակի կյանքը հաջողվել է փրկել բժշկական միջամտության շնորհիվ, նա առողջական խնդիրներ ունի նաև ներկայումս:
Տուժողը դիմում էր ուղարկել դատարան՝ հայտնելով, թե առողջական խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել դատական նիստերին, ինքը չի առարկում, եթե դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, Հակոբից բողոք կամ նյութական պահանջ չունի:
Չնայած դատարանը որոշել էր սկզբում հարցաքննել տուժողին ու նրան ևս մեկ անգամ ծանուցելու համար հետաձգել էր նախորդ դատական նիստը, բայց տուժողն այս նիստին էլ չէր ներկայացել: Դատարանը կայացրեց տուժողին բերման ենթարկելու որոշում:
Հարցաքննվեց Հակոբի նախկին կին Մարինեն:
Նա հայտնեց, որ Հակոբի հետ ամուսնացել է 2002 թվականին: Հենց սկզբից ապրել են անհաշտ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ դուստր ու մեկ որդի:
2015 թվականին Հակոբն ու կինը ամուսնալուծվել են:
Հակոբն ապրել է Աջափնյակում՝ նախկին զոքանչին պատկանող բնակարանում, որտեղ նրան գրանցել էին:
Մարինեն դառնությամբ ասաց, թե Հակոբն իրեն դուրս է արել իր մայրական տանից: Ինքը, ի վիճակի չլինելով բնակարան վարձակալել, երեխաների ու մոր հետ ապրել է հարազատների տներում:
Դեպքից մոտ տասն օր առաջ Մարինեն, նրա դուստրն ու մայրը բնակություն են հաստատել այն շենքի խորդանոցում, որտեղ գտնվում էր Մարինեի մայրիկի բնակարանը, և որտեղ ապրում էր Հակոբը: Վերջինիս հետ ապրել է նաև դպրոցական որդին, քանի որ մայրն ու քույրը ապրել են բարեկամների տներում:
Մարինեն նշեց, որ Հակոբը լավ հայր ու լավ ամուսին չի եղել: Նա հաճախակի վիճել է իր ու իր մայրիկի հետ:
Փաստորեն, նախկին կնոջ վերաբերյալ իր ընկերոջ ասած ջերմ խոսքերից Հակոբի պատվախնդրությունը գլուխ է բարձրացրել՝ հանցավոր արարք կատարելու աստիճան, իսկ որ նույն այդ կնոջը, խոսքային արատ ունեցող իրենց դստերն ու հենց բնակարանատեր նախկին զոքանչին դուրս է արել տնից, դարձրել անօթևան՝ դա արդեն Հակոբին առանձնապես ու նկատելի չի հուզել…
Մարինեն հայտնեց, որ դեպքի օրն ինքը խորդանոց-բնակարանում լվացք էր անում: Բակից աղմուկ է լսել, տարբերել է Հակոբի ձայնը ու անմիջապես մտածել է, թե Հակոբը վիճում է իր մոր հետ: Որպեսզի այդ վեճն անցանկալի զարգացում չունենա՝ Մարինեն, առանց տնից դուրս գալու, ահազանգել է ոստիկանություն, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրենց: Ահազանգելուց հետո Մարինեն սենյակ է մտել ու զարմացել՝ սենյակում հանգիստ նստած մորը տեսնելով: Մայրը տեղյակ էլ չէր, թե ինչ է կատարվում բակում:
Մարինեն արդեն անհանգստացել է Հակոբի մոտ ապրող որդու համար, դուրս է եկել բակ, տեսել է որդուն ու իմացել է տեղի ունեցածը:
Մարինեն դատավարության կողմերի հարցերին պատասխանելով՝ ասաց, թե ինքն Արտակին ճանաչել է որպես Հակոբի ընկերոջ, իրենց միջև երբեք մտերմություն կամ ինտիմ կապ չի եղել:
Իսկ որ Արտակն իր հասցեին դրական բաներ է խոսել, Հակոբին նախատել է իրենից ամուսնալուծվելու համար, Մարինեն շատ բնական համարեց ու ասաց. «Դա էդպես էլ պիտի լիներ: Ես շրջապատում մեծ սեր ու հարգանք եմ վայելում, իմ մասին ոչ ոք բացասական բան ասել չի կարող…»:
Նախաքննական ցուցմունքում Մարինեն հայտնել էր, թե ցանկանում է դիմել պատկան մարմիններին՝ Հակոբին հայրական իրավունքից զրկելու համար…
Դատարանը մանկավարժի ներկայությամբ հարցաքննեց ամբաստանյալի անչափահաս որդուն, ում ներկայությամբ հայրը դանակով բազում վնասվածքներ էր հասցրել տուժողին:
Տղան որոշ նախադասություններ կրկնում էր անընդհատ՝ որ իրենց տուն եկած Արտակը «գինովցած էր», որ սեղանի շուրջ խմում էր միայն Արտակը, իսկ հայրը այդ երեկո բոլորովին չի խմել:
Երեխան ասաց, թե տեսել է՝ ինչպես է հայրը խփել Արտակին: Կատարվածի պատկերը այս երեխայի հիշողությունից հեշտությամբ չի ջնջվի, նրա հետ հոգեբանական աշխատանք կատարելու անհրաժեշտությունն ակնհայտ է, բայց, ամենայն հավանականությամբ, երեխան ինքնուրույն է հաղթահարելու ապրած շոկային վիճակը…
Տղան սկզբում ասաց, թե չի հիշում՝ մոր մասին ինչ է ասել Արտակը: Բայց նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո տղան հիշեց, որ Արտակը իրենց սենյակներում սկզբում փնտրել է Մարինեին՝ հարցնելով, թե ո՞ւր է Մարինեն ու չհավատալով, որ Հակոբն ամուսնալուծվել է կնոջից: Հակոբը Արտակին չի թողել մտնել իր ննջարան: Արտակն էլ ասել է, թե ննջարանի դուռը փակելու փոխարեն լավ կլիներ, որ նա Մարինեի նման կնոջից չբաժանվեր:
Ամբաստանյալ հոր հարցին պատասխանելով՝ երեխան վերհիշեց, որ Արտակն ասել էր, թե միշտ… «ուզել է» Մարինեին: Հակոբը երեխայի պատասխանից միանգամայն գոհ մնաց՝ կարծես միայն այդ նախադասությամբ որոշվելու է նրա արարքի՝ իր օգտին գնահատման հարցը:
Մարինեի նկատմամբ ունեցած համակրանքի՝ Արտակի կողմից արված խոստովանությունից հետո Հակոբը երեխայի աչքի առաջ վերցրել է խոհանոցային դանակը ու հարվածել է Արտակին: Վերջինս անմիջապես փախել է դուրս: Հակոբը մեկ ուրիշ դանակ է վերցրել ու վազել է Արտակի հետևից:
Կատարվածից ցնցված տղան, այնուամենայնիվ, հոր համար անհանգստանալով, ջարդված դանակի շեղբը դեն է նետել, բայց հետագայում նա այդ դանակը ներկայացրել է ոստիկանություն: Ապա երեխան վազել է հոր հետևից ու բակում տեսել է, թե ինչպես է հայրը շարունակում դանակով հարվածել Արտակին:
Երբ Արտակն ընկել է, Հակոբը դադարեցրել է հարվածելը ու որդուց պահանջել է, որ նա շտապօգնություն զանգի: Բայց երեխան չի հասցրել զանգել, որովհետև հենց այդ պահին բակ են մտել Մարինեի ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանության երկու աշխատողները: Երեխան մտածել է, որ նրանք շտապօգնություն կզանգեն, ու ինքը գնացել է տուն:
Որդու հետ բնակարան մտած Մարինեն տեսել է, որ բազմոցի ծածկոցը ամբողջովին արյան մեջ կորած՝ ընկած է հատակին, իսկ բազմոցի շարժական մասը գտնվում է լվացքի մեքենայում:
Երեխան ասել է, որ Արտակը նստած էր բազմոցին…
Պաշտպանական կողմի հարցին երեխան պատասխանեց, որ ծնողների ամուսնալուծվելուց հետո ավելի հաճախ ապրել է հոր հետ, քանի որ մոտակա դպրոցի յոթերորդ դասարանում է սովորում: Հոր հետ ապրում էր իր կամքով: Հայրը հոգում էր իր կարիքները, մասնավորապես՝ սնունդ էր գնում, ինքը քաղցած չէր մնում…
Երեխայի նախաքննական ցուցմունքում նշված էր, որ իրենց տուն հյուր եկած ու գինովցած Արտակը նրան երկու անգամ ուղարկել է օղի գնելու: Անչափահաս՝ յոթերորդ դասարանցի փոքր-մոքր տղան ուշ երեկոյան խանութ է գնացել, նրան օղի են վաճառել, տղան օղին տուն է տարել… Եվ սեղանի շուրջ ներկա է եղել տղամարդկանց անհաճո խոսակցություններին…
Հակոբ Բ.-ն առաջադրված մեղադրանքը՝ տուժողի առողջությանը դիտավորությա՛մբ ծանր վնաս հասցնելը, չի ընդունում, նա իրեն այդ արարքի համար մեղավոր չի ճանաչում: