«Լույս հայի աչքերին». 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն
Հայաստանի մարզերի բնակիչների և մայրաքաղաքի խոցելի խմբերի համար անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցող «Լույս հայի աչքերին» ծրագիրն այսուհետ կիրագործվի «Յուքոմ» ընկերության աջակցությամբ:
Արմենպրեսի փոխամցմամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ շարունակում են Օրանժ Հիմնադրամի ավանդույթներն ու փորձում իրենց ներդրումն ունենալ հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմության գործում: «Մեր կազմակերպության առաքլությունն ենք համարում օգտակար լիներ մեր հայրենակիցներին, աջակցել կայուն ու ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն ու հիմնովին փոխում մարդկանց կյանքն ու ապրելակերպը»,-ասաց Հայկ Եսայանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ ծրագիրը տալիս է դրական արդյունք: Նա նկատեց, որ առաջին խոշոր ներդրումն է, որ կատարում են առողջապահական ոլորտի ծրագրում, իսկ մինչ այս «Յուքոմ»-ի անձնակազմով արյուն են հանձնել ու նպաստել դրա կարիքն ունեցող հիվանդների բուժմանը:
Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիզարյանը շեշտեց, որ 2003 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հազարավոր մարդիկ ակնաբուժական անվճար ծառայություններից են օգտվել` ընդհուպ վիրահատական միջամտություն: Նրա խոսքով` ակնաբուժական ծառայությունները մատուցվում են ինչպես տեղերում գործող վերապատրաստված բժիշկների, այնպես էլ Աչքի շարժական հիվանդանոցի կողմից: Նունե Եղիազարյանը վստահեցրեց, որ ցանկացած մարդ կարող է անձնագրով մոտենալ շարժական հիվանդանոց ու խնդրել, որ իրենց ստուգեն: «Եթե առաջանա վիրահատության կարիք, դա կիրականացվի միայն սոցիալապես անապահով մարդկանց համար»,-ասաց Նունե Եղիազարյանը` շեշտելով, որ կանխարգելիչ նպատակով կատարվող լազերային միջամտությունից կարող են օգտվել բոլորը:
Բացի այդ` «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում դպրոցներում, ակնային զննումներին զուգահեռ, նաև կազմակերպվում են հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի վերաբերյալ: