Ընտրական գործընթացն ականապատ դաշտով գնալու գործընթաց չէ. Հրայր Թովմասյան
‘’Պետությունը իրավունք չունի բռնի ուժ կիրառելու, բայց մյուս կողմից պետք է նայել, թե ինչ է ենթադրում հանրահավաքի իրավունքը: Հանրահավաքի իրավունքը ամբողջ աշխարհում այս կամ այն երեւույթի նկատմամբ քաղաքական անհամաձայնություն հայտնելը եւ քո կարծիքը մյուսներին փոխանցելն է, այսինքն, երբեք այլ նպատակին չի կարող ծառայել’’,-այսօր խորհրդարանում ասել է ՀՀ արդարադատութան նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
Նախարարն ասել է, որ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում, եթե նույնիսկ գտնում է, որ դա անվավեր վարչական ակտ է, պետք է ենթարկվի եւ հետո նոր վիճարկի այն: Հարցին, բացառում եք արդյոք հնարավոր սադրանքները, Հրայր Թովմասյանը պատասխանել է.’’Ոչ ոք չի կարող նման բան բացառել, բայց Աստված չանի, որ նման բան տեղի ունենա: Ցանկացած նման արկածախնդրի վրայից պետք է հայ անունը հանել: Ուղղակի կարող եմ համոզմունք եւ վստահություն հայտնել, որ ոստիկանությունն ամեն ինչ անելու է նման բան բացառելու համար’’:
Հրայր Թովմասյանն ասել է, որ իրավունքների պաշտպանությունը ենթադրում է ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ մյուսի իրավունքները, իսկ ոստիկանությունը այդ իրավունքների պաշտպանությունն իրականացնելն է:
Խոսելով ընտրական գործընթացից, Հրայր Թովմասյանն առանձնացրեց իր արձանագրած դրական առաջընթացը` ընտրողների ցուցակների որակը, ԶԼՄ-ներից օգտվելու եւ պատշաճ քարոզելու հնարավորության ստեղծումը, քվեարկության արդյունքների ամփոփման օպերատիվությունն ու հրապարակայնությունը, ինչը ըստ նախարարների, անգամ նախանձ կարող է առաջացնել այլ երկրների մոտ:
Ինչ վերաբերում է թերություններին` Հրայր Թովմասյանն ասել է.’’ Խոսվում է վարչական լծակների օգտագործման մասին, բայց իմ կարծիքով, 1990-2000-ական թվականներին կարող է բնորոշ լինել, որ դպրոցի տնօրենը հավաքում է ծնողներին եւ ասում` սրա օգտին կքվեարկեք: Դա այսօր կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետեւ մարդու իրավական կուլտուրան բարձրացել է: Այս առումով, վարչական լծակները հետ են գնացել’’:
Հրայր Թովմասյանի խոսքով, այն կոպիտ խախտումները, ինչպիսիք են ուրիշի փոխարեն քվեարկելը կամ լցոնումը, այս ընտրությունների ժամանակ զուտ էպիզոդիկ բնույթ են կրել: Հրայր Թովմասյանը նկատել է.
’’Ընտրական գործընթացն ականապատ դաշտով գնալու գործընթաց չէ, որ մի քայլ աջը կամ ձախը` անկանխատեսելի հետեւանք առաջացնի, այս դեպքում, պետք է արձանագրել խախտումները, իսկ դրա համար իրավական ճանապարհներ կան, հակառակ պարագայում, ասում են, լսել ենք, գիտենք… նման բաները գուցե քաղաքական աժիոտաժ ստեղծելու համար լավ նյութ են բայց ոչ իրավական պրոցեսների համար’’: