“Նահանջ առանց երգի”-ն` գերմաներենով
Բեռլինի գրականության և մշակութային հետազոտությունների կենտրոնում հոկտեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցավ սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի՝ Շահան Շահնուրի “Նահանջ առանց երգի” վեպի գերմաներեն թարգմանության ընթերցումը: Ներկա էին Բեռլինի հայկական երկու համայնքների շատ անդամնր, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը՝ տիկնոջ հետ և գերմանացիներ: Ընթերցումը վարպետորեն կատարեց հայտնի գերմանահայ դերասան Գրիգոր Մելիքյանը: Վերջինիս նույնքան պրոֆեսիոնալ կատարումներով ընդմիջում էր կիթառահարուհի Մելինե Պապովյանը:
Վեպի թարգմանիչ Սամվել Հովասափյանը պատմում է, որ թարգմանության առիթ է հանդիսացել նմանատիպ մի միջոցառում:
“Մեր համայնքում մի գերմանացի պրոֆեսոր Շահնուրի “Նահանջ առանց երգի” վեպի մասին էր խոսում ու վերլուծում, լավ կարծիք ուներ վեպի մասին ու բոլորը հարցրեցին գերմաներեն տարբերակի մասին, պարզ է, որ չկար: Ես էլ էի ներկա: Ու իմ ընկերն էլ ինձ էր համոզում, որ ինքս անեմ, խրախուսեց: Ես հրաժարվեցի: Բայց ի վերջո մի քանի էջ թարգմանեցի, դուրն եկավ ու այդպես շարունակեցի: Մոտ երեք տարի տևեց: Բավականին դժվար էր”, – հավաստիացնում է Ս. Հովասափյանը: