Խնդրանք և պահանջ. բժիշկ Արամ Սարգսյանը դեմ է անհարգալից վերաբերմունքին
Օրերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է շտապօգնության բժիշկը խոսում տարեց տղամարդու հետ, ում ինքնազգացողությունը վատացել էր :
Նրան օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել էր շտապ բժշկական օգնություն: «Արի գոնե, նստի: Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հըմի հիվանդանոց, հավեսդ չունեմ»,- ասել էր բժիշկը այգում՝ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը բժիշկ Վահրամ Անդրեասյանին աշխատանքից ազատել էր: Երեկ մի խումբ բժիշկներ պահանջել էին, որ նրան աշխատանքի վերադարձնեն:
Այս առնչությամբ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով տագնապ էր բարձրացրել բժշկին վերադարձնելուպահանջով:
Արամ Սարգսյանը նոր գրառում է արել.
«Հարգելի լրագրողներ, ընկերներ, քաղաքացիներ, բժիշկներ
բժիշկ Վահրամ Անդրեասյանը մայիս ամսվանից կանցնի իր բնականոն աշխատանքին (չնայած ես շատ կխնդրեմ մեր հարգելի իշխանություններին, ղեկավարությանը, որ անհապաղ ընդունեն հաշվի առնելով որ նա մեծ վաստակ ունի բժշկության մեջ):
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ընկերներին, բժիշկներին և պարզապես քաղաքացիներին նրա համար, որ իմ խնդրանքին հորդորին, պահաջին այդքան սրտացավ և օպերատիվ կերպով արձագանքեցին:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանին, Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանին:
Խնդրանք և պահանջ ունեմ բոլորին եկեք հարգենք միմյանց այս կյանքում բոլորս էլ կարող ենք սխալվել:
Եվ մի թշնամացեք բժիշկների հանդեպ:
Ես միշտ իմ կոլեգաների կողքին եմ լինելու և բուռն ձևով քննադատելու եմ բժիշկներին վարկաբեկողներին լրատվական և տարբեր միջոցներով:
Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ:
Արձագանքը եղել է անձամբ իմ և իմ մի քանի տասնյակ կոլեգաների կողմից:
Հարգանքներով՝
Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ`
Արամ Աշոտի Սարգսյան»
Գլխավոր լուսանկարում՝ Վահրամ Անդրեասյան
Լուսանկարում՝ Արամ Սարգսյան