Ավստրալիայի դեսպանը, գտնվելով Անկարայի պայթյունից 20մ հեռավորության վրա, փրկվել է

Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ այդ վայրով անցնելիս է եղել Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը, գրում է Ermenihaber.am-ը:
Վերջինիս մեքենան գտնվել է պայթյունից ընդհամենը 20մ հեռավորությոն վրա, սակայն, բարեբախտաբար, դեսպանը փրկվել է` չստանալով որևէ մարմնական վնասվածք: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանի մեքենայում գտնվող Ավստրալիայի դիվանագիտական առաքելության այլ աշխատակիցները ևս չեն տուժել:
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը դեպքի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ պայթյունի ականատեսը դարձած դեսպան Լարսենը հոգեպես շատ խորը ազդվել է:
Բիշոփը նշել է, որ շատ մտահոգիչ այդ դեպքը մեկ անգամ ևս ցույց է տալիս Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պատերազմին Ավստրալիայի մասնակցության կարևորությունը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 37, վիրավորվել` 125 քաղաքացի: