22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անընդունելի է, երբ դպրոցի տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ կրթօջախը հեռու բավարար լինելուց. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հանրակրթության վարչության և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտների պատասխանատուները ներկայացրել են 2015թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետը իր հստակ դիտարկումներն է արել հանրակրթության վարչության աշխատանքների հետ կապված:

«Համայնքային կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի  ամենօրյա հսկողության տակ: Սա այն ոլորտն է, որը գործ ունի մանուկների և դեռահասների հետ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում, նաև հաշվի առնելով, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում հետզհետե ներդրվում է ներառական կրթությանը: Ու հատկապես այդ ուղղությամբ վարչությունը դեռ անելիքներ ունի. պետք է որոշակի աշխատանքներ տանել ինչպես դպրոցների տնօրենների, այնպես էլ ուսուցչական կազմի հետ, որպեսզի ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաները լիարժեք օգտվեն իրենց իրավուքներից: Ընդունելությունները պետք է կազմակերպվեն առանց խոչընդոտների, տվյալ կրթօջախի աշխատակազմը լինի ավելի բարեհամբույր, ավելի պատրաստված, որպեսզի բացառվեն ոչ մասնագիտական մոտեցումները»:

Քաղաքապետը կարևորել է հանրակրթության վարչության համագործակցության ընդլայնումը ինչպես  բարձրագույն, միջին մասնագիտական հաստատությունների, այնպես էլ քույր ու գործընկեր քաղաքների հետ:

«2014թ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ կնքված հուշագրի տեսքով ունենք համագործակցության հաջողված օրինակ: Սա լավ նախադեպ է ու պետք է այն զարգացնել և փորձել մյուս բուհերի հետ ևս արդյունավետ համագործակցություն հաստատել: Պետական մի շարք համալսարանների ուսանողներ ամեն տարի Երևանի քաղաքապետարանում իրենց գործնական պրակտիկան են անցկացնում և մենք պե՛տք է օգտագործենք այդ հնարավորությունն ու իսկապես լավ ներուժ ունեցող ուսանողներին արդեն իսկ փորձենք դիտարկել որպես հենց մեր կառույցի տարբեր ոլորտների ապագա կադրեր»:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է նաև մանկապարտեզներում  հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը.

«Վերջին տարիներին, երբ համայնքային ենթակայության մանկապարտեզները դարձրինք անվճար, ընդունելությունների մեծ հերթեր գոյացան: Եվ այդ խնդրի լուծման ճանապարհին՝ մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը հստակեցրեց պատկերը, թե իրականում որքան պահանջարկ կա: Հանրակրթության վարչությունը պետք է խստորեն հետևի հերթացուցակներին: Մեր նպատակն այս հարցում կանոնակարգում մտցնելն է, որպեսզի իր հերթին սպասող որևէ երեխա համակարգից դուրս չմնա: Ուստի եղեք զգոն և հետևողական, առավել ևս, որ երեխաներին մանկապարտեզ տալու ցանկություն հայտնող ծնողների զգալի մասը աշխատող մարդիկ են: Ու մենք այս հարցում պետք է հնարավորին աջակցենք մեր այդ համաքաղաքացիներին»:

Կարևորելով հանրակրթական դպրոցներում ձևավորված կառավարման խորհուրդների աշխատանքը՝ քաղաքապետը ընդգծել է, որ դրանք պետք է լինեն թափանցիկ.

«Հանրակրթական դպրոցներում ձևավորված կառավարման գրեթե բոլոր խորհուրդներում ունենք քաղաքապետարանի ներկայացուցիչներ. իսկ երբևէ փորձե՞լ եք գնահատել, թե որքանով է այդ խորհուրդների գործունեությունը արդյունավետ: Այստեղ դեռ կան անընդունելի երևույթներ, որոնք շտկելու անհրաժեշտությունը հրատապ է: Ինձ համար, օրինակ, անընդունելի է, երբ տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ տվյալ կրթօջախի պայմանները հեռու են բավարար լինելուց: Իսկ տնօրենը նախ և առաջ պետք հարմարավետ պայմաններ ապահովի դպրոցի համար, ոչ թե մտածի իր հարմարավետության մասին: Նման վերաբերմունքն ու մոտեցումը պետք է բացառվի և ակնկալում եմ, որ այս տարի վարչության պատասախանատուները նմանատիպ հարցերում կլինեն ավելի խիստ ու պահանջկոտ: Մեզ պետք են ակտիվ, նախաձեռնող տնօրեններ, ոչ թե սեփական հարմարավետությունը գերադասողներ: Այս հարցում մեծ անելիք ունեն նաև կառավարման խորհուրդները, որոնց օբյեկտիվությունը հաստա՛տ որակ կփոխի»:

Խորհրդակցության շրջանակում հաշվետվություն է ներկայացրել նաև աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Տարոն Մարգարյանն էլ բաժնի գործառույթների հետ կապված իր դիտարկումներ է արել.

«Բաժնի կողմից կատարված աշխատանքներն, անշուշտ, նկատելի են: Հատկապես ողջունելի է, որ ավելացել են տնայցերը, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե թղթի վրա, այլ տեղում ուսումնասիրել յուրաքանչյուր ընտանիքի հետ կապված խնդիրը: Տարբեր իրավիճակներում հայտնված այդ ընտանիքները պետք է զգան, որ քաղաքապետարանում կա բաժին, որը ստեղծվել է հենց նրանց կողքին լինելու և օգնելու համար: Դուք նաև պետք է սերտորեն համագործակցեք քաղաքապետարանի բոլոր վարչությունների հետ, որպեսզի փորձեք հնարավորին արագ լուծումներ տալ տվյալ ընտանիքների կողմից բարձրացվող որոշակի հարցերին: Ըստ այդմ ակնկալում եմ, որ այս տարի ձեր աշխատանքը կլինի ավելի ակտիվ և սրտացավ, տնայցերն էլ կկազմակերպվեն ավելի հաճախ»:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքներին և կարևորել է դրանց վերահսկողությունը:

«Ձեր բաժնի գերխնդիրը երեխայի իրավունքների և շահերի ապահովումն է և շատ կարևոր է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների ուղղությամբ ձեր հսկողությունը լինի մշտական: Վերջին տարիներին բավականին կրճատվել է քաղաքացիների բողոքների թիվը, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվել գրանցած արդյունքներով: Դուք գործ ունեք երեխաների հետ, ինչն առավել մեծ պատասխանատվություն է պահանջում, ուստի եղեք ուշադիր հանձնաժողովների աշխատանքների գնահատման և խնդիրները վերհանելու հարցում: Բաժինը պետք է շարունակի ակտիվ համագործակցել ՀՀ ոստիկանության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ: Եղեք հետևողական և գնացեք ձեր կայացրած յուրաքանչյուր որոշման հետևից: Միշտ հիշեք, որ ձեր կայացրած որոշումները ուղիղ կապ ունեն երեխաների ճակատագրերի հետ և այդ հարցում սխալվելը ուղղակի աններելի է»:

Երևանի քաղաքապետը դրական է գնահատել ոլորտներում 2015թ. իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ