Միայն հաղթանակ` ուրիշ ոչինչ. Նիկոլը խոսեց /ֆոտո, վիդեո/
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթն ավարտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչպես միշտ, նա ժողովրդին դիմեց “Հայաստանի հպարտ քաղաքացիներ”-ով: Նրա խոսքով` այն փաստը, որ այսօր հայ ժողովուրդը կրկին Ազատության հրապարակում է, խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը չի ընկճվել բռնապետության առաջ, որ Հայաստանի քաղաքացու հաղթանակն անպարտելի է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. “Մենք այստեղ ենք` ուղիղ նայելու բռնապետության աչքերին եւ ասելու` “բռնապետություն, քո անկումը անկասելի է”:
Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդն ընտրել է իր նախագահին` ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների: Հայաստանի քաղաքացին իրականացրել է ընտրական հեղափոխություն եւ պետք է իրական հաղթանակը “դե յուրե” դարձնել:
Փաշինյանը շեշտեց. “Բոլոր առաջավոր ուժերը պետք է միանան այդ պայքարին` առանց նախապայմանների, որովեհտեւ ժողովրդի հետ չեն բանակցում, ժողովրդի որոշումն ընդունում են ի գիտություն: Րաֆֆին ստացել է վստահության քվե եւ առաջին հերթին ինքը պետք է որոշի` քայլերի ինչ հաջորդականությամբ իրական հաղթանակը վերածի “դե յուրե” հաղթանակի:
Րաֆֆու եւ նրա թիմի որոշումներից է կախված, թե ինչ կբերի փետրվարը եւ դա մեծ պատասխանատվություն է”,-շեշտեց նա: Միայն հաղթանակ` ուրիշ ոչինչ”-հայտարարեց Փաշինյանը եւ հավելեց. ” Բացառիկ անկեղծությամբ եւ առանց ենթատեքստերի նա պետք է ժողովրդին բացատրի, թե ինչ մեթոդներով է պատրաստ առաջնորդել”:
Նա Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թիմին քաղաքական կամք մաղթեց` ժողովրդին առաջնորդելու դեպի հաղթանակ: “Այսօր փետրվար է, նորից այստեղ ենք, նորից գարնանամուտ է”,-հայտարարեց Փաշինյանը` կոչ անելով հավաքի մասնակիցներին հիշել եւ հարգել Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը:
“Այլեւս երբեք ոչ մի բռնություն թույլ չենք տալու, թույլ չենք տալու մեզ կոտորել մայրաքաղաքի փողոցներում: Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ: Կեցցե ազատությունը, անկախությունը եւ մեր երեխաների պայծառ ապագան”,-եզրափակեց Փաշինյանը:
Այժմ ելույթ են ունենում “ժառանգության” նախկին պատագամվորները` Արմեն Մարիտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:
Տեսանյութը` Սերինե Գաբրիելյանի: