Շարունակում են շնորհավորել Սերժ Սարգսյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից:
Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է.
“Ձերդ Գերազանցություն,
Անկեղծ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական եւ հասարակական կայունությունը, տնտեսությունն անընդհատ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակը օրեցօր բարձրանում է, արտաքին կապերն անշեղորեն ընդլայնվում են, մեծ հաջողությունների եք հասել երկրի զարգացման գործում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 21 տարիների ընթացքում, հայ-չինական հարաբերությունները շատ լավ եւ կայուն զարգանում են: Կողմերի միջեւ անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, ընդլայնվում է փոխշահավետ համագործակցությունը, պահպանվում են սերտ կապերը եւ փոխգործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային հարցերում: Չինաստանը եւ Հայաստանը լավ բարեկամ եւ գործընկեր պետություններ են: Չինական կողմը հարգում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ճանապարհը՝ համապատասխան իր երկրի առանձնահատկություններին, կարեւոր նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին, պատրաստ է հայկական կողմի հետ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:
Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում եւ հզորություն, իսկ ժողովրդին՝ երջանկություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք”:
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Հանրապետության նախագահին մաղթելով հաջողություններ գործունեության մեջ: “Հավատում եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները, համագործակցության եւ վստահության բարձր մակարդակը էլ ավելի կխորանա հանուն մեր երկրների եւ ժողովուրդների առաջընթացի ու բարեկեցության»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին վրաց ժողովրդի, Վրաստանի կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
“Ցանկանում եմ, որ ձեր հաջողակ գործունեությունն ավելի բեղմնավոր լինի Հայաստանի հզոր եւ ժողովրդավարական պետության կառուցման գործում:
Համոզված եմ, որ մեր երկու սուվերեն պետությունների միջեւ փոխադարձ հարգանքի, հավասարության եւ բարեկամության սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը եւ փոխաջակցությունը ապագայում եւս կշարունակվեն` ի բարօրություն հայ եւ վրաց ժողովուրդների”,-ասել է Վրաստանի վարչապետը:
ՀՀ նախագահին վերընտրվելու առիթով շնորհավորել եւ բարեմաղթանքներ են հղել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերընտրվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունով շարունակվում են շնորհավորանքներ ստացվել: