Այս անգամ հաղթանակը չի մնալու միայն բարոյական. Րաֆֆին կդիմավորի Սերժ Սարգսյանին /ֆոտո, վիդեո/
Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի “հաղթահավաքը”: Այն բազմամարդ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ժողովրդի միջից` նրանց ողջունելով, համբուրեց Եռագույնը, խոնարհվեց: “Այո, այս Եռագույնն է բոլորից բարձր, սկսում ենք Հայաստանի հաղթանակի ճանապարհը”,-Ազատության հարթակից ժողովրդին դիմեց նա:
Նրա կոչն ուղեկցվեց “Րաֆֆի, Րաֆֆի” բացականչություններով, ինչին թեկնածուն արձագանքեց. “Ոչ թե Րաֆֆի, ոչ թե Ռոբերտ, ոչ թե Սերժ, այլ` Հայաստան”: “Ժառանգության” առաջնորդը հայտարարեց, որ այսօր Արցախյան զարթոնքի 25-ամյակն է, որ մեկը մյուսից ներողություն խնդրելու, մեղքերը քավելու ժամանակն է, որ մեղքեր ունեն բոլորը, նաեւ` ինքը:
“Այս գիշերվանից նայելու ենք դեպի ապագան”,-հայտարարեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ ժողովրդին հարցնում է` “պատրա՞ստ եք, պատրա՞ստ եք”, ինչին ի պատասխան դրական բացականչություններ են հնչում:
“Եթե մինչեւ այսօր ժամը 6-ը չգա եւ ժողովրդից ներողություն չխնդրի, պատասխան է տալու հայ ժողովրդի եւ Սահմանադրության առաջ”,-Ազատության հրապարակի հարթակից ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա ոչ թե ատելության, այլ սիրո պայքար է Այս արտահայտությունը կարմիր թելի պես անցնում էր նրա ելույթում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսուհետ իջեցվելու են բոլոր կուսակցական դրոշները եւ այսուհետ լինելու է մեկ միասնական հայ ժողովուրդ: Նա ներողություն խնդրեց եւ ասաց, որ երեկ լեզվի սայթաքում է ունեցել: “Հաղթանակ են ունեցել եւ Ստեփան Դեմիրճյանը, եւ Վազգեն Մանուկյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց այս անգամ հաղթանակը չի մնալու միայն բարոյական”,-նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը սադրանքների չտրվի: “Մինչեւ վերջ հաղթանակ եւ ոչ մի նահանջ”,-հայտարարեց:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր երեկվա հայտարարությանն արձագանքել է նախագահի խոսնակը, որին ինքը կպատասխանի ուղղակիորեն: Նա նշեց, որ այս խոսափողին կմոտենա ժամը 6-ին եւ հենց այդ պահին էլ կպատասխանի:
“Նորից կմոտենամ խոսափողին եւ կխոսեմ այն հանդիպման մասին, որ առաջարկեցի գործող եւ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին”,-հայտարարեց նա` նշելով, որ ժամը 6-ին հրապարակին կմիանան “հպարտություն խումբը”`ժառանգական նախկին պատգամավորները, ինչպես նաեւ Նիկոլը, Կարապետ Ռուբինյանը, ասաց, որ Դաշնակցությունն է հայտարարություն արել: “Եթե ուզում են, թող գան, եթե ուզում է, ԲՀԿ-ն էլ թող գա, ցանկացած այլ մարդ”,-նշեց նա:
Հրապարակ են եկել “Սարդարապատ” նախաձեռնող խմբի եւ նախախորհրդարանի անդամները, մասնավորապես` Տիգրան Խզմալյանը: Այստեղ է նաեւ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, ով Henaran.am–ին ասաց, որ հրապարակում է որպես ՀՀ քաղաքացի, ով արդեն 22 տարի դաշնակցական է:
Այս պահին հնչում է երաժշտություն, ժողովուրդը պարում է: Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին: Henaran.am-ի այն դիտարկմանը` պարոն Հովհաննիսյանը հայտարարում է մինչեւ վերջ պեյքարելու մասին, այս դեպքում բախումնային սցենարները հնարավո՞ր են, նա ասաց. “Մեր կողմից բացառվում են”: