«Հայերի հրոսակախմբեր» արտահայտության համար Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել դատախազություն
Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ հայցի պատճառը թուրք պաշտոնյաների հակահայ և ցեղասպանամեծար հայտարարություններն են, գրում է Ermenihaber.am-ը:
2016թ. փետրվարի 27-ին Բինգյոլում ելույթ ունեցած Դավութօղլուն, ցանկանալով քննադատել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), հետևյալ հայտարարությունն էր արել. «Նրանք շահարկում են Սուրում, Սիլոփիում տեղի ունացած դեպքերը: Հայերի հրոսակախմբերի պես համագործակցում են ռուսների հետ: Գնում ու Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»:
Իսկ մարտի 3-ին Էրզրումի Աշքալե շրջանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ քաղաքապետ Բաշարանն ասել էր. «Մեկ անգամ ևս ողորմությամբ և շնորհակալությամբ հարգում եմ հայերին այս հողերից արմատախիլ արած մեր փառահեղ նախնիների հիշատակը»:
Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը թեմայի վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը:
«Ձեր գոված այդ նախնիները հայերին ցեղասպանության ենթարկեցին, յուրացրեցին նրանց նյութական ունեցվածքը: Հաջորդ սերունդները նույն կերպ շարունակեցին այդ գործը: Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ծրագրված կերպով ոչնչացրեցին:
Դա դեռ բավական չէր, հիմա էլ քրդերին եք հասկացնել տալիս, թե «հիշեք՝ ինչ ենք արել հայերի հետ: Ձեզ հետ էլ նույնը կանենք»:
Աղբյուր` Ermenihaber.am