Խի՞ չեք ասում ` Րաֆֆիից հանենք, հաստ են քվեարկել, բայց Սերժից հանել տվեցիք … Henaran.am-ը հետեւում է ձայների վերահաշվարկին /վիդեո/
ՀՀ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այս պահին շարունակվում է նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը: “Ժառանգության” ներկայացուցիչները դիմել էին հանձնաժողովին, որպեսզի վերանայվի թիվ 2/5, 2/3, 2/18 տեղամասերում ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները` վերահաշվարկի պահանջով:
ԿԸՀ-ն արդեն ավարտել է 2/5 տեղամասի քվեաթերթիկների հաշվառումը: Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել էր 344, Սերժ Սարգսյանը` 348 կողմ քվե: Վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի մեկ ձայնը պակասեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն ավելացան 3-ով:
Վերջնական արդյունքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմ քվեները հավասարվեցին` 347-ական: Հանձնաժողովի նիստին մասնակցում է Ստյոպա Սաֆարյանը, որը փորձում է ընթացքում խորհուրդներ տալ ԸԸՀ-ի անդամներին, ինչը նյարդայնացնում է վերջիններիս: “Պարոն Սաֆարյան, բա խի չեք ասում սա Րաֆֆիից հանենք` հաստ են քվեարկել, բայց Սերժից հանել տվեցիք”,-ասաց հանձնաժողովի անդամներից մեկը:
Տեղում աշխատում է Henaran.am-ի թղթակիցը եւ այս պահին հանձնաժողովը վերահաշվարկում է 2/3-ի քվեաթերթիկները: Այստեղ Սերժ Սարգսյանն ստացել էր 391, Րաֆֆի Հովհաննիսյանը` 456 քվե: Արդյունքում` Սերժ Սարգսյանի մեկ քվեաթերթիկ քվեարկությամբ ճանաչվեց անվավեր եւ նրա քվեները դարձան 390: Հանձնաժողովի անդամների խոսքով` այդ քվեաթերթիկն էլ վավեր էր, եւ առաջարկեցին բացել 2/5-ի ընտրական փաթեթը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկել էին նույն կերպ, բայց դրանք ճանաչվեցին վավեր: “Ստյոպային ապացուցենք, որ մենք Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոչինչ չունենք: Մեկ ա` ինչ կա, կա”,-ասաց ԸԸՀ նախագահ Գագիկ Խաչատրյանը: