Ինչ են տեսել հայ դիտորդները
“Ընտրությունը քոնն է” դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ի համակարգող Լիլիթ Սարգսյանի խոսքով, ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են օրենսդրությանը համապատասխան: Այս մասին ՀԿ համակարգողն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ քվեների հաշվման գործընթացը ևս ընթացել է համապատասխան նորմերին:
“Ընտրությունը քոնն է”-ի դիտորդները ընտրություններին հետեւել են 1400 ընտրատեղամասերում`բոլոր քաղաքներում և խոշոր բնակավայրերում:
Արձանագրված խախտումների վերաբերրյալ Լիլիթ Սարգսյանն ասաց, որ որոշ ընտրատեղամասերում նկատվել են կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության չապահովման դեպքեր, ուղղորդման, լցոնման փորձ, ինչպես նաև խնդիրներ ընտրացուցակների հետ կապված:
“Ընտրությունը քոնն է” ՀԿ ղեկավար Հարություն Համբարձումյանն էլ հավելեց, որ 17/5 տեղամասում լցոնման փորձը կանխվել է դիտորդի կողմից: Մասնավորապես, 30 երիտասարդ մտել են տեղամաս և փորձել լցոնում կատարել, սակայն դիտորդները կանխել են նրանց գործողությունները:
Նա ցավով նշեց, որ “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներ եղել են ընտրատեղամասերի միայն 40%-ում: Հակառակ դրան հանձնաժողովի անդամների 80%-ը ՀՀԿ-ից էին: “Կար հանձնաժողով, որտեղ 3 մարդ ՀՀԿ-ից էր, ինչը օրենքի խախտում է”,-նշեց տեղացի դիտորդը:
Այս ամենով հանդերձ, ըստ Հարություն Համբարձումյանի, 2008թ.-ի ընտրությունների համեմատ այս ընտրություներն ավելի լավ էին կազմակերպված, իսկ խախտումները համեմատաբար քիչ էին: