Րաֆֆու երկու տարբերակը
“Մենք իննսունհինգ-իննսունվեցին մտանք սխալ ցիկլի մեջ: Այս ընտրությունները պետք է այդ ցիկլի ավարտը լինեն’’,- այսպես է կարծում Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Ընդիմության երբեմնի առաջնորդը համոզված է, որ հաջորդ ընտրությունները, լինեն խորհրդարանական , թե նախագահական, պետք է ամբողջությամբ վերահսկվեն ժողովրդի կողմից եւ մարդիկ պետք է իրենց ձայնը տան ոչ թե մեկին, որ մյուսը չլինի, այլ նրան, ում ուզում են:
‘’Շատ պրոցեսներ հասունացան եւ ընկնում են ծառից, բաներ կան , որ էլ չես կարող անել’’,-նշեց Վազգեն Մանուկյանը եւ հավելեց, որ այսօրվա երիտասարդությունը, որի մտածելակերպը շատ դեպքերում իր համար անհասկանալի է, շատ գրագետ է եւ ըմբոստ:
Դիտարկմանը, թե շատերն այս ընտրությունները համեմատում են 96-ի ընտրությունների հետ, Մանուկյանն ասաց. ‘’Պրակտիկորեն ապացուցված էր, թե ինչ է տեղի ունեցել: Շատ դժվար է համեմատել’’: Նրա խոսքով, բացի իննսունվեցից, մենք ապացույցներ չենք ունեցել, թե ով հաղթեց, ով պարտվեց: Մանուկյանի խոսքով, այս ընտրություններում, թեկուզ սկզբնական փուլում, անտարբերությունն, այդուհանդերձ, նկատվում էր, ի տարբերություն իննսունվեցի:
Ինչ վերաբերվում է ընտրությունների որակին, Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իդեալական մաքուր ընտրություններ չէին, սակայն ակնհայտորեն ավելի լավն էին, քան նախորդները:
Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած գործընթացին, նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու հնարավորություն` կամ հայտարարում է, որ իսկապես եղել են կեղծիքներ եւ չի բողոքարկում, ինչը կլինի նոր էջ, կամ շարունակում է հանրահավաքները, որոնք աստիճանաբար մարվում են:
‘’Եթե առաջին տարբերակով գնա, բոլորը կմեղադրեն, որ ծախված է, բայց դա նորություն կլինի եւ դավաճանության մասին պոռթկումից հետո գուցե նոր դաշտ ստեղծի եւ հենց նրա շուրջ համախմբում’’,-նշեց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերվում է երկրորդ` հանրահավաքների ճանապարհին, բանախոսն ասաց, որ այդ հանրահավաքները կլինեն պակաս լարված, չի լինի մարտի մեկ, որովհետեւ իշխանությունն էլ այլ որակի է: Վազգեն Մանուկյանի խոսքով, փորձը ցույց է տվել, որի այս ճանապարհը ժողովրդին երբեք օգուտ չի բերել, հանրահավաքները կամաց-կամաց կմարվեն:
Րաֆֆի Հովհաննիսյանկի հավաքած ձայները, Վազգեն Մանուկյանի խոսքով, ցույց են տալիս, որ ոչ միայն քարոզարշավն էր լավ կազմակերպված , այլ որ իշխանոությունից դժգոհությունը ավելին է, քան սպասվում էր: Իշխանությունը, ըստ նրա, պետք է հաշվի նստի սրա հետ, դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, օրինակ` կառավարության կամ ԱԺ շրջանակներում համագործակցություն:
Վազգեն Մանուկյանի խոսքով, ‘’մեր դեմ խաղ չկա բանաձեւը’’ արդեն մաշվել -գնացել է:
Անդրադառնալով հիսուն հազարից ավելի անվավեր քվեաթերթիկներին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ ճիշտ կլիներ, որ ‘’բոլորի դեմ’’ տարբերակը լիներ քվեաթերթիկներում: Նա նշեց, որ պետք է ԸՕ բարեփոխումներ նախաձեռնել: Ինչ վերաբերվում է նոր ընդդիմադիր բեւեռի հնարավորությանը, Վազգեն Մանուկյանն ասաց.’’Էն, ինչ որ լինելու է, լինելու է ձեզ համար անսպասելի’’: