՛՛Րաֆֆին Երեւանի քաղաքապե՞տ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը համոզված է, որ նախագահական ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: ՛՛Երբեք այսքան միահամուռ ու իրարից չտարբերվող գնահատականներ չեն եղել միջազգային դիտորդների կողմից:
Եւ նրանց, և մեր քաղաքացիների գնահատականները իրարից չէին տարբերվում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Մինասյանը: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները, մասնավորապես առաջին ու երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուների հավաքած ձայների հարաբերակցությունը, ցույց տվեցին, որ ընտրությունները բավական մրցակցային էին:
Այժմ, ըստ Մինասյանի, երկու կուսակցությունների ու նրանց առաջնորդների համար լուրջ մարտահրավերներ կան: ՛՛Սերժ Սարգսյանը պետք է կարողանա ավարտին հասցնել բարեփոխումները: Ես վստահ եմ, որ մեր լիդերը ի զորու է լինելու իրականացնել այդ ամենը: Այն խոստումները, որ տրվել են քարոզարշավի ընթացքում, կյանքի կոչել: Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռք է բերել բավական մեծ պոտենցիալ: Նա ևս պիտի կարողանա այդ մարտահրավերն իրականացնել՛՛,-նկատեց պատգամավորը:
Վերջինս ընդգծեց, որ այժմ քաղաքական դաշտում ի հայտ է եկել թիվ մեկ ընդդիմադիր կուսակցությունը, ինչը սակայն, ոչ բոլոր կուսակցությունների համար է ցանկալի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած մոտ 37 տոկոս ձայնը, ըստ Մինասյանի, բավական լուրջ հայտ է, որ այդ քաղաքական ուժը կարողանա փորձել իր ուժերը Երևանի քաղաքապետի ընտրություններում:
Գագիկ Մինասյանը Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսանոց հասարակական վստահությունը պայմանավորում է նրանով, որ մյուս ընդդիմադիր ուժերը թեկնածուներ չառաջադրեցին: Նաեւ Հովհաննիսյանի տարած բավական հաջող քարոզարշավով: