Ոստիկանապետը Րաֆֆիին թիկնապահներ է տրամադրել
”Ինչ եք կարծում, ես վախենում եմ: Ես հիմա էլ չեմ վախենում”,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են երեկ իր տան մոտ ոստիկաններ եղել: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մտահոգվել է իր կնոջ և երեխաների համար: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջարկել է ոստիկաններ տրամադրել: ”Եթե ինքը կարծում է, որ անհրաժեշտ է այդ պաշտպանության միջոցները, ապա ես ինքս համաձայնել եմ, որ անհրաժեշտ է: Եթե վաղն առավոտ ինքն ասի, որ այլևս անհրաժեշտ չէ, Րաֆֆի, մենք այդ միջոցներն այլևս չենք անի: Ես որպես ամուսին ու հայր մտահոգ եմ իմ ընտանիքի համար”,-հավելեց նա:
Հարցին, թե արդյոք սպառնալիքներ կային, Հովհաննիսյանը պատասխանեց, որ սպառնալիքներ որպես այդպիսիք չկային: Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում բոլոր լրագրողները համոզվել են, որ ինքն առանց թիկնապահների է շրջել: