Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին /վիդեո, ֆոտո/
“Ժառանգության ” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում իր բազմաթիվ համակիրների ներկայությամբ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա հրապարակ մտավ անսպասելի, արագ քայլքով եւ բարեւելով ներկաներին` հասավ մինչեւ կենտրոն:
Նախ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որ նա դուրս է եկել հացադուլից: ”Մաղթում ենք Անդրիաս Ղուկասյանին ամբողջական ապաքինում և բարի վերադարձ քաղաքական ու քաղաքացիական կյանք”,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մինչեւ վաղը` ժամը 17,00-ն կսպասի, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընդունի ժողովրդի հաղթանակը: Հովհաննիսյանի խոսքով` Սերժ Սարգսյանը պատմության մեջ կլինի առաջին նախագահը, ով կընդունի ժողովրդի հաղթանակը: Նա կոչ արեց Սերժ Սարգսյանին հանդիպել իր հետ այս մեկ օրվա ընթացքում:
”Ոչ ոք մեր ձեռքից, մեր խղճից, մեր սահմանադրական իրավունքից չի վերցնելու այդ հաղթանակը։ Դա պատկանում է ոչ թե Րաֆֆուն, Սերժին, այլ համայն հայությանը: Ես երեկ կոչ արեցի, որ նա դառնա առաջին նախագահը, լինի ողանաշարով՝ ընդունի ժողովրդի հաղթանակը։ Ցավոք, մինչև հիմա նա դա չկարողացավ անել։ Ուշ չէ, վաղը ժամը 17-ին այստեղ հանդիպում ենք համազգային հանրահավաքի և մինչ այդ ես առաջարկում եմ Սերժ Սարգսայնին հրապարակային կամ մասնավոր հանդիպումի և ինձ հետ կազմակերպել իշխանության փոխանցումը ՀՀ ժողովրդին”: Նախագահի թեկնածուն նկատեց, որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի արցախյան հերոսամարտում, և ինքը դա գնահատում է: ”Մենք պետք է հարգենք թե Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին: Ես գիտեմ գնահատել ու քննադատել”,-ասաց նա:
Հովհաննիսյանի համոզմամբ` ժողովուրդը տարել է իր հաղթանակը` 80-20 տոկոս առավելությամբ: Հարցին` եթե Սերժ Սարգսյանը չընդունի իր հաղթանակը, ինչ կանի Հովհաննիսյանը, արդյո՞ք կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ընտրությունների նախնական արդյունքներով ընտրողների 36 տոկոս վստահություն ստացած թեկնածուն պատասխանեց` համոզված է, որ Սերժ Սարգսյանը կընդունի իր հաղթանակը: “Մինչեւ վաղը ժամը 5-ը բոլորը պետք է մաքրվեն”,-հորդորեց Հովհաննիսյանը:
Մյուս հարցերին, արդյո՞ք վերահաշվարկ կպահանջի, այդ մասին նախագահի թեկնածուն կհայտարարի վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում: ”Այսօր վերահաշվարկի տարբեր դիմումներ եղել են: Սակայն մենք հասկանում ենք, որ Հայաստանում դատական գործընթացներ չկան, բայց մենք կօգտվենք սահմանադրական բոլոր իրավունքներից”:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չեն լինելու կուսակցական պորտֆելներ: ”Ես պաշտոնների չեմ հավատում, բայց ես արդեն նախագահ եմ ընտրված Հայաստանի Հանրապետության: Ես որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջում, բայց ով զգում է այդ պահանջը, ինքը դա անում է”:
Ասուլիսից հետո Հովհաննիսյանը հեռացավ Ազատության հրապարակից: Նրան ուղեկցում էին մի քանի 100-ի հասնող համակիրները: Երթը շարունակվեց մինչև Կորյունի փողոց: Րաֆֆի Հովհաննիսյան այստեղ նստեց իր մեքենան և հեռացավ, սակայն երթի մասնակիցները ուղղվեցին ԿԸՀ-ի մոտ` այստեղ ցույց տալու իրենց վերաբերմունքը:
Մեկնաբանելով միջազգային դիտորդների տրված գնահատակնները` Հովհաննիսյանն ասաց. ”Դիտորդներն ինչ ուզում են, թող գրեն: Իրենց որոշելիքը չէ` թե Հայաստանում ինչպիսի ընտրություններ կլինեն, թող գրեն, որ Հայաստանում հաղթել է ողջ ժողովուրդը”: