Մեր ընկերների արյունը չչորացած` Րաֆֆին շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց ….
”Ընդդիմադիրները ճիշտ այնքան պետք է պաշտպանեն այդ ձայները, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանեց մեր զոհված ընկերների արյունը, որ փողոցներում մեր ընկերների արյունը չչորացած` շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց և պատճառաբանեց, որ ինքը սևազգեստ է այնտեղ գնացել”,- Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը, թե ընդդիմությունը պետք է համախմբվել ու պաշտպանել նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, ասաց ՍԴՀԿ և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
”Հիմա Լյուդմիլա Սարգսյանին սև շորեր հագցնենք, գնա Սերժ Սարգսյանին շնորհավորի… ի՞նչ ընդդիմության միանալ”,-հավելեց Եղիազարյանը, ով կտրականապես Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմադիր չի համարում:
ՀԱԿ անդամը նշեց, որ երեկ Հովհաննիսյանը իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչ հերոս ու պետական մեծ գործիչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ”Բա տղա ջան, ո՞ւր ես դուրս եկել այդ հերոսի դեմ, ինչո՞ւ ես հերոսից ձայներ կորզում, ի՞նչի ես քո թեկնածությունը դնում”,-ընդգծեց նա:
Եղիազարյանը զայրացած է, որ Հովհաննիսյանը մշտապես հայտարարում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ արդար ու ժողովրդավարական ընտրություններ չեն եղել, սակայն դա այդպես չէ:
“Հայաստանում ժողովուրդը 4 անգամ հաղթել է, 4 անգամից մեկ անգամ է նախագահ դարձել, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, այդ նույն ընդդիմադիր թեկնածուն թույլ է տալիս իրեն ասել` այս անգամ գոնե թողեք` ժողովուրդը հաղթի”,-ասաց Եղիազարյանը:
Նա վստահ է, որ մի քանի օր հետո Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ պաշտոն է ստանձնելու: ”Խոսքերս հիշեք. այդ ”ընդդիմադիրը” մեկ շաբաթ հետո պիտի գնա և ասի հետևյալը` հետագա արյունահեղությունից զերծ պահելու համար, հանձինս մեր դրոշի, Մասիսի և Արագածի, ես ընդունում եմ այս ընտրությունները”,-համոզված է ՍԴՀԿ անդամը: