Ընդդիմադիր ուժերն իրավունք չունեն չպաշտպանել այդ քվեները. ՀԱԿ ներկայացուցիչ
Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է: Հիմա նրա քայլը պետք է լինի քաղաքական բոլոր ուժերին կոչ անել միավորվելու և պայքարել հանուն ժողովրդի քվեի:
Այսօր լրագրողներին հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
“5/21 տեղամասում կաշառք էր բաժանվում, կային անվախ երիտասարդներ, ովքեր մտնում էին տեղամաս, նույնիսկ վիճում հանձնաժողովի նախագահի հետ: Իսկ Ավանի 1/4 ընտրատեղամասում 100 ձայնով հաղթել է Րաֆֆին, այն էլ Ավանում, որ հայտնի է օլիգարխիկ ուժերի գերակշռությամբ:
Եթե այսօր մենք չբռնեցինք խախտումներ անողներին և նախագահ չդառնա նա, ով ընտրվել է, ապա նախագահի ինստիտուտը կդառնա ժառանգականության ինստիտուտ”,-ասաց նա:
Նրա խոսքով, ընտրողների մի մասը, չսիրելով Սերժ Սարգսյանին, գնաց ընտրության, մի մասն էլ, համակրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, ընտրեցին նրան:ՀԱԿ ներկայացուցիչը համոզված է, որ ընդդիմադիր ուժերն իրավունք չունեն չպաշտպանել այդ քվեները. “Մեր իրականության մեջ առանց համախմբման հաղթանակն անհնար է”:
Անդրադառնալով ՀԱԿ-ին` Զոյա Թադևոսյանը նշեց, որ ՀԱԿ-ը վերցրել էր չմասնակցության դիրքորոշում, բայց ասել, որ Կոնգրեսը չմասնակցեց այս ընտրություններին, սխալ կլինի. “Մենք ունեինք հանձնաժողովականներ ընտրատեղամասերում, որոնց ներկայությունը թույլ չտվեց կեղծիքներ կատարելու”: