Ծառուկյանը թողեց փեսայի հույսին
Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թվով 25 ընտրատեղամասերի տվյալներով, ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաղթել է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 9183 ընտրող, Սերժ Սարգսյանին`6659 ընտրող:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանի փեսան է: Վերջինս միակ քաղաքապետն էր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ կարմիր գորգ էր փռել Սերժ Սարգսյանի առաջ: Այստեղ, ըստ տարածված լուրերի` քաղաքապետն իր թիմով աշխատել է գործող նախագահի օգտին:
Այս ֆոնին հետաքրքիր արդյունքներ են գրանցվել Գագիկ Ծառուկյանի հայրենի Առինջ գյուղում: Առինջի թվով 3 ընտրատեղամասում 2458 մարդ քվեարկել է Սերժ Սարգսյանի, իսկ 243 մարդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
Ստացվում է այնպես, որ Ծառուկյանն այս անգամ միայնակ է թողել փեսային: