Ժամանակի մեջ տեղավորվում են. Րաֆֆին կբողոքարկի
Արդյո՞ք “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաշվարկի մասին դիմումներ ներկայացնելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, քանի որ նրա շտաբը խախտումներ է արձանագրել:
Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ թեմային ինքը կանդրադառնա, այսօր` փետրվարի 19-ին կեսօրին հրավիրված մամուլի ասուլիսում: “Մի քանի փաստարկ ես կներկայացնեմ, մի քանիսի մասին էլ կխոսի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում”, -ասաց Խուրշուդյանը` չբացելով փակագծերը:
Մամուլի խոսնակն ասաց, որ այսօր մինչեւ ժամը 18:00-ն կարող են ներկայացնել վերահաշվարկի դիմում եւ ժամանակի մեջ տեղավորվում են:
“Ազատություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն անհասանելի էր: Փոխարենը նրա խոսնակ Կարինե Հարությունյանը մեզ ասաց, որ օրը դեռ նոր է բացվում, եւ հարցը քննարկվում է: “Դեռ ոչինչ չենք կարող ասել”,-ավելացրեց:
Հավելենք, որ արաբական “Ալ-Ջազիրան” տեղեկացնում է, որ գործող նախագահի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը կբողոքարկի ընտրությունների արդյունքները: