14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախկին պատգամավորի որդին կրակել է սփյուռքահայ քավորի վրա

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայր, պատգամավոր, հայտնի իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի 48-ամյա որդի Մհեր Պետրոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, զենք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վահագն Պողոսյանը:

Մհեր Պետրոսյանի շահերի պաշտպանում է փաստաբան Հունան Բաբայանը:

Մհեր Պետրոսյանը հայտնեց, որ ունի բարձրագույն կրթություն, երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս, աշխատել է դատախազությունում, գործադիր մարմիններում, հիմնել է ընկերություններ, այդ թվում՝ «Ընտանիք» ընկերությունը:

Դատարանը հրապարակեց գլխավոր դատախազությունից ու ճանապարհային ոստիկանությունից ստացված պաշտոնական պատասխանները: Անշարժ գույքի կադաստրից տրված տեղեկանքի հիման վրա Մհեր Պետրոսյանի անունով առկա անշարժ գույքի վրա արգելանք է դրված: Նրա անունով տրանսպորտային միջոցներ գրանցված չեն:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մհեր Պետրոսյանը, օգտագործելով իրենց վաղեմի մտերմությունը, միասնական դիտավորությամբ չարաշահել է Գարիկ Ի.-ի և Միքայել Ա.-ի վստահությունը և խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող 31 միլիոն 600 հազար դրամ գումարը: Մհեր Պետրոսյանը Նոր Նորքում հիմնել է «Սիրող սրտեր» կոչվող թաղամասը, որտեղ նրա հիմնած «Ընտանիք» ընկերությունը շինարարություն է կատարել, խարդախության եղանակով հափշտակությունը կապված է հողամասերի առուվաճառքի հետ:

Բացի այդ, 2013 թվականի օգոստոս ամսին Մհեր Պետրոսյանը չարաշահել է Ռուբիկ Շ.-ի վստահությունը և խարդախությամբ հափշտակել է նրա 7 միլիոն 770 հազար դրամ գումարը:

Բացի այդ, Մհեր Պետրոսյանը, ըստ մեղադրանքի, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր է պատրաստել, օգտագործել՝ իր ընկերությունների և «Հայբիզնեսբանկի» միջև վարկային գործողությունների պայմանագրերի և անշարժ գույքը գրավից հանելու հետ կապված:

Բացի այդ, Մհեր Պետրոսյանը իրենց տան ննջարանի չհրկիզվող պահարանից հափշտակել է իր հայրիկին՝ Ռաֆիկ Պետրոսյանին պատկանող, 9 մմ տրամաչափի ատրճանակը և ապօրինաբար պահել է իր մոտ ու կրել է:

Բացի այդ, 2015 թվականի փետրվարի 6-ին Պռոշյան փողոցում գտնվող գրասենյակում իր գործընկեր Օսեպ Մարկարյանի հետ բաժնեմասերի հարցով վիճաբանության ժամանակ Մարկարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակել է նրա ճակատի ուղղությամբ, պատճառել է շոշափող վնասվածք տուժողի ճակատաքունքային շրջանում ու աչքի հատվածում:

Դեպքի ականատեսները միջամտել են, զենքը վերցրել են Պետրոսյանի ձեռքից, ու, ըստ մեղադրանքի, նա իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել:

Մհեր Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքների երկար ցանկից ընդունեց միայն կեղծ փաստաթղթերի օգտագործման ու ապօրինի զենք կրելու մեղադրանքները, իսկ մյուսները՝ խարդախության երկու դրվագները, զենքի հափշտակությունը, սպանության փորձը չընդունեց, դրանցով իրեն մեղավոր չճանաչեց:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ