Ո՞վ ի՞նչքան ծախսեց
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանն այսօր ԿԸՀ-ում լրագրողներին ներկայացրեց նախագահի թեկնածուների նախընտրական հիմանդրամների կատարած ծախսերը: Նա նշեց, որ ԿԲ-ում նախընտրական հիմնադրամ է բացել յոթ թեկնածու: Արման Մելիքյանը չի բացել նախընտրական հաշիվ, քանի որ չի կատարել որևէ քարոզչական ծախս:
Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին տեղում հեռուստաընկերություններով իրականացված քարոզչությունն է: Այստեղ առաջին հորիզոնականում է ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նախագահը հեռուստաընկերություններում քարոզարշավի համար ծախսել է 43 միլիոն 260 հազար դրամ: Րաֆֆի Հովհաննիսյանը Հ/Ը քարոզչության համար տրամադրել է 35 միլիոն 200 հազար դրամ: Իսկ Հրանտ Բագրատյանը ծախսել է 3 միլիոն 760 հազար դրամ: Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանն ու Վարդան Սեդրակյանը չեն օգտվել Հ/Ը քարոզչությունից:
Քարոզչական վահանակների վրա առավելուգույն գումարը ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Դրա համար նա տրամադրել է 14 միլիոն 630 հազար 80 դրամ: Սերժ Սարգսյանը վահանակների համար հատկացրել է 8 միլիոն դրամից ավելի գումար, Անդրիաս Ղուկասյանը՝ 4 միլիոն 91 հազար 240 դրամ, Հրանտ Բագրատյանը՝ 2 միլիոն 120 դրամ, Պարույր Հայրիկյանը՝ 495.900 դրամ:
Քարոզչական տպագիր նյութերին Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամը հատկացրել է 22 միլիոն 45 հազար դրամ, Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 3. 628. 200 դրամ, իսկ Վարդան Սեդրակյանը՝ 520 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանը 300 հազար դրամ է ծախսել դահլիճների վրա:
Սևակ Հովհաննիսյանը նկատեց, որ այս տվյալներն ստացվել են մինչև փետրվարի ինը ընկած ժամկետը: