«Change.org»-ում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում, գրում է Ermenihaber.am-ը։
Ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ բացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող դատավարություններով կայացվելիք որոշումների արդյունքում Նիշանյանի պատժաչափը կարող է հասնել մինչև 25 տարվա:
«Սևան Նիշանյանը դատապարտվել է կառուցապատման մասին օրենքը խախտելու, շրջակա միջավայրն աղտոտելու ու կնիք պոկելու համար: Ապօրինի ու տգեղ շինություններով լի մեր երկրում, ըստ մեր տեղեկությունների, որևէ մեկը նման մեղքի համար պատիժ չի կրում բանտում»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերջում հայտարարության հեղինակներն ներկայացրել են իրենց առաջարկությունները.
1.Պետության կողմից իր պարտականությունները չկատարելու կամ կատարել չկարողանալու դեպքում պետք է պատասխանատվություն կրի ոչ թե քաղաքացին, այլ` պետությունը: Քաղաքացին նման դեպքերում առնվազն չպետք է պատիժ կրի:
2. Մշակույթի նախարարությունը Շիրինջե գյուղում Սևան Նիշանյանի կառուցած ճարտարապետական հուշարձանները պետք է գրանցի պահպանվող մշակութային ժառանգության ցանկում:
3. Սևան Նիշանյանին` մինչև բանտից ազատվելը պետք է աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն տրվի:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղումով: