Շատ ընտիր ընթանում է. ուր են թեկնածուների վստահված անձինք
Շենգավիթ համայնքի թիվ 11/26 ընտրատեղամասում ժամը 17.00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 720 ընտրող` 1361 ընտրողից: Ընտրություններն այստեղ ընթանում են նորմալ, բնականոն հունով, խախտումներ կամ ինչ-որ արտառոց դեպքեր չեն գրանցվել այս պահի դրությամբ:
“Շատ ընտիր, բարձր մակարդակի ընտրություններ են: Լրիվ նորմալ իր հունով ընթանում է: Անգամ անսպասելի է, որ այսքան հանգիստ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ՀԱԿ անդամ Ռամտիկ Սեւյանը:
Հանձնաժողովի “ժառանգական” անդամ Հայկ Մարտիրոսյանը նույնպես այս պահի դրությամբ որեւէ խախտում չի արձանագրել: “Այս տեղամասում ամեն ինչ նորմալ է,”-նշեց նա: Մեր այցելության պահին ընտրողներից մեկը` մի ծեր տատիկ, քվեարկելուց հետո մոտեցավ հանձնաժողովի նախագահին` Խաչատուր Բարդակչյանին եւ ասաց, թե իր տանիքը կաթում է, լույսերը կտրել են, օգնություն է ուզում: Հանձնաժողովի նախագահը հորդորեց դիմել իրենց “ԺԵԿ”-ի պետին:
Մեր այցելության պահին թեկնածուներից որեւէ մեկի վստահված անձն այստեղ չէր: Ի դեպ, Երեւանի մի շարք ընտրատեղամասերում Henaran.am–ի թղթակիցը հանդիպել է միայն Սերժ Սարգսյանի վստահված անձերին, մյուս թեկնածուների վստահված անձերը տեղամասերում չեն եղել: