Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: Քաթարում տեղի ունեցած հավաքին մասնակցել են 29 երկրների ներկայացուցիչներ:
Աքարը կենտրոնացել է Սիրիայի հարցում Թուրքիայի հետևյալ հիմնական մոտեցումների վրա.
«Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների ժամանակ որպես թիրախ ընտրվում են չափավոր ընդիմադիրները, որոնց աջակցում է ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիան:
Ռուսական օդուժի ավիահարվածները տարածաշրջանում մարդկային կորուստների և դեպի Թուրքիա փախստականների հոսքի պատճառ են դառնում:
ԺՄԿ-ն (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»-PYD) ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) հետ օրգանական կապերով միացած ահաբեկչական կազմակերպություն է:
ԺՄԿ-ի գործողությունների հետևանքով տեղի բնակչությունը մեծ դժվարություններ է կրում: Գրոհների հետևանքով բնակչությունը ստիպված գաղթում է: Իսկ այդ վիճակն անդառնալիորեն փոխել է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը»: