Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:
28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց. վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական և համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր՝ համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ իր պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, և մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով:
Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում և արժանիորեն կրում են նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը և պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:
Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ընտանիքի»: