Նոր պաշտոն Ծառուկյանի համար. 168 Ժամ
«Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Դաշնակցությանը տրամադրելու, Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու համար: Ընդամենը մի Ազգային ժողով եւ մի ամբողջ Դավիթ Լոքյան:
Ընդամենը պետական կառավարման մի խղճուկ համակարգ եւ մի ամբողջ հարյուրքսանհինգամյա կուսակցություն: Եվ ազգային իղձեր, որոնք չեն իրականանա, եթե ՀՀԿ-ն Դաշնակցության հետ երկարաժամկետ համագործակցություն չհաստատի: Բայց ինչպես ՀՀԿ-ն՝ իր իշխանության բոլոր տարիներին, ՀՅԴ-ն էլ՝ պատմության ողջ ընթացքում, «ազգին ծառայում են» ոչ թե իրենց, այլ պետության, հասարակության հաշվին: Որովհետեւ դժվար է ազգին ծառայել արդեն իսկ գոյություն ունեցող ռեսուրսներով, առանց այն էլ ուռճացված պետական կառավարման համակարգի շրջանակներում:
Դրա համար պետք է հարկատուների հաշվին ստեղծել եւս մեկ նախարարություն՝ իր փոխնախարարներով, վարչության պետերով, քարտուղարուհի-վարորդներով, որպեսզի ծառայությունն ավելի անձնվեր ու անմնացորդ լինի: Երեկ ԱԺ-ում օրենսդրորեն ամրագրվեց այն, ինչը կոչվում է պետական շահերի ստորադասում/ծառայեցում կուսակցական շահերին: Երկու տարի առաջ «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման» հիմնավորմամբ միավորված նախարարությունը կրկին տարանջատվեց, որպեսզի բավարարվեն առանձին վերցրած երկու կուսակցությունների՝ իշխող ՀՀԿ-ի ու իշխանության ձգտող ՀՅԴ-ի կուսակցական շահերը:
Պետական կառավարման արդյունավետության հաշվին: Հարկատուների հաշվին, այսինքն: Այդ օրինագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն ամենայն անկեղծությամբ հայտարարում էր, որ նախարարությունը տարանջատվում է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այսպիսով, նաեւ օրենսդրորեն արձանագրվեց այն իրողությունը, որ Հայաստանում ոչ թե կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն են ծառայում պետությանը, այլ հակառակը՝ պետությունն է ծառայեցվում այդ միավորներին: Եվ սա դեռ միայն սկիզբն է: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նոր են սկսել կյանքի կոչել նոր Սահմանադրությունը, որը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, քաղաքական նպատակահարմարությունների ժողովածու է:
Ինչ վերաբերում է նախարարություններին, ապա վերջին շրջանում աֆրիկյան եւ արաբական որոշ երկրներում մոդայիկ է դարձել Երջանկության նախարարությունների ստեղծումը: Հայաստանում եւս կարելի է նման նախարարություն ստեղծել եւ Երջանկության նախարար նշանակել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ հենց նրան քաղաքականությունից հեռացնելու շնորհիվ հնարավոր դարձավ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայիս համագործակցությունը: Հիմա եւ՛ Ծառուկյանն է երջանիկ՝ զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով, եւ՛ իր հեռացումի արդյունքում շահած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում :