Կապիտանը շարքայիններին հարկադրել է իր հետ սեքսուալ գործողություններ կատարել. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ ստիպել է, որ նա կատարի սեքսուալ բնույթի գործողություններ:
Նույն արարքը նույն զինվորի նկատմամբ կապիտան Բ.-ն կրկնել է 2014 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ինչպես նաև օգոստոս ամսվա ընթացքում:
2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում կապիտան Բ.-ն հանգստի սենյակ է տարել շարքային Դ.-ին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ, կասեցրել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:
2014 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 18-ը կապիտան Բ.-ն ստիպել է շարքային Մ.-ին՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Այս զինվորի դիմադրությանը ի պատասխան՝ կապիտանը տվել է հայհոյանքներ:
Բազմադրվագ գործով մեղադրվող կապիտան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Տուժողները նրա նկատմամբ բողոք կամ այլ պահանջ չեն ներկայացրել, չեն առարկել դատաքննության արագացված կարգի դեմ:
Դատարանն ապացուցված է գնահատել, որ կապիտան Բ.-ն տուժողների՝ իրենից կախվածությունն օգտագործելով, նրանց հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, զորամասում զինծառայողին վիրավորանք է հասցրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն…
Կապիտան Բ.-ն ժամանակին պարգևատրվել էր պատվոգրերով, հոբելյանական մեդալներով…
Բ.-ի կողմից կատարված առավել ծանր հանցագործությունների համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է:
Ըստ ծառայողական բնութագրի՝ Բ.-ն ծառայության սկզբնական շրջանում իրեն դրսևորել է դրական կողմերով, սակայն հետո աստիճանաբար սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, հրամանատարության կողմից տրված հրամանները կատարել է ոչ պատշաճ, ուշացումներով, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժերի՝ նկատողության և նախազգուշացումների:
Ընդհանուր իրավասության դատարանը կապիտան Բ.-ին մեղավոր էր ճանաչել մեղսագրված բոլոր դրվագներով և վերջին հաշվով դատապարտել էր 5 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2015 թվականի հունվարի 31-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և մեղադրանքը պաշտպանող դատախազը:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը խնդրել էր իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:
Իր բողոքում դատախազը պահանջել էր բոլոր դրվագներով, ինչպես նաև վերջին հաշվով խստացնել Բ.-ի նկատմամբ սահմանված վերջնական պատիժը: Դատախազը հիմնավորեց, որ ընդհանուր իրավասության դատարանը Բ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ՝ հաշվի չառնելով Բ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության խիստ բարձր աստիճանը, այն, որ նա իր գործողություններով հեղինակազրկել է պետական իշխանության մարմիններին, ոտնձգել է զինվորների պատվի, արժանապատվության, սեռական անձեռնմխելիության ու ազատությունների, մասնավորապես՝ սեռական ազատության նկատմամբ, ոտնահարել է նրանց իրավունքները:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը, իսկ դատախազի բողոքը գնահատեց հիմնավորված ու բավարարեց այն:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվեց և փոփոխվեց՝ խստացման առումով:
Բ.-ն վերջին հաշվով դատապարտվեց 8 տարի ազատազրկման: