Դպրոցականները գրքերով շտապել են ԱԺ
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ այդ օրը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ օրն անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ: Օրվա տոնական ավանդույթներից մեկը միմյանց հետաքրքիր գիրք նվիրելն է:
Գեղեցիկ այս օրը հիշարժան դարձնելու համար Ազգային ժողով էին այցելել Երեւանի մի շարք դպրոցների բարձրդասարանցիներ, որոնց հետ հանդիպել են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը: Ինչպես իր խոսքում նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, աշակերտների ցանկությունն է եղել այցելել Ազգային ժողով եւ հետեւել օրվա խորհրդին՝ գիրք նվիրել:
ԱԺ փոխնախագահները հորդորել են երեխաներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, շատ կարդալ եւ զինվել գիտելիքներով:
Համազգային տոն դարձած օրվան համահունչ՝ ԱԺ փոխնախագահները դպրոցականներին նվիրել են հայ մեծ բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը եւ այլ արժեքավոր գրքեր: Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը հույս են հայտնել, որ «Նարեկը» նրանց համար ուղեցույց կդառնա կյանքում:
Աշակերտները եւս հայ եւ արտասահմանյան գրողների գործեր են նվիրել ԱԺ փոխնախագահներին:
Տպավորիչ հանդիպումն ավարտվել է խորհրդանշական լուսանկարմամբ: