Իրանը կփորձի ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԻԻՀ դեսպան
Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը կընդլայնի եւ այս համատեքստում այս օրերին շարունավում են բանակցությունները գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակներում:
Այսօր այս մասին լրագրողների հետ խոսել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
«Կփորձենք այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը: Մենք համարվում ենք հարևան երկրներ և որևէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, իսկ մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,- ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի հետ միշտ եղել է լավ հարաբերությունների մեջ:
Դեսպանի նաեւ նկատել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո հայ-իրանական հարաբերությունները տեղափոխվել են բոլորովին նոր հարթակ, ինչը լայն հնարավորությունների հեռանկար է բացում երկու կողմերի համար. «Նույնիսկ պատժամիջոցների ժամանակ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ հարաբերություններն է՛լ ավելի կզարգանան: Իրանը և Հայաստանն ամենածանր պայմաններում միշտ միմյանց օգնել են և այդ համագործակցությունն ու վերաբերմունքը կշարունակվի նաև հետագայում»:
Անդրադառնալով Իրանից Հայաստան գազ մատակարարելու շուրջ ընթացող բանակցություններին դեսպանն նշել է, որ ներկա պահին դրանք ընթացքի մեջ են:
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման եւ դրա գործարկման մասով դեսպանը նշել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում նաեւ ասյ հարցում. «Բոլորովին վերջերս Իրան էր մեկնել ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ բանակցել է այդ հարցի շուրջ: Տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից Հայաստան կժամանի փորձագետների և մասնագետների խումբ».