Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է նախօրեին մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի մասին: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք և շեշտել, որ Թուրքիան շարունակելու է պայքարը ահաբեկչական կառույցների դեմ: Չի մանրամասնել, սակայն, թե որ ահաբեկչական կառույցներին նկատի ունի, գրում է Ermenihaber.am-ը:
«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր մղած օրինական պայքարի հարցում երբեք հետքայլ չենք անելու: Մենք մեր 78մլն քաղաքացիների հետ միասին դեմ ենք դուրս գալիս ահաբեկչությանը և բարբարոսությանը: Թուրքիայի Հանրապետությունը չի թողնելու, որ իր իրավունքները ոտնահարվեն: Այս հարձակումն իրականացրել են նրանք, ովքեր թիրախավորել են մեր երկիրը, ազգը և ժողովրդավարությունը: Նրանք երբեք իրենց նպատակին չեն հասնելու»:
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայի Ինոնյու պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28, վիրավորվել 61 քաղաքացիական և զինվորական անձինք: