Նշանածը վատ վիճակում է. 25 ամյա երիտասարդը մեկ ամիս է անհետացել է
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանն արդեն մեկ ամիս է անհայտ կորած է համարվում:Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով` անհետ կորած 25-ամյա երիտասարդին ոստիկանության հետ զուգահեռ փնտրում են նաեւ համագյուղացիները.
«Արդեն մենք էլ ենք միացել, ոստիկանության հետ փնտրում ենք: Շարունակելու ենք փնտրել, մինչեւ գտնենք: Վրեժին սպասում են, հուղարկավորելու մասին խոսք չկա: Սարսափելի բան է: Վրեժը գյուղից չէր կարող շատ հեռանալ, քանի որ սարեր են, ձյուն է: Նշանածն էլ շատ վատ վիճակում է: Չգիտեմ…»,-տարակուսեց գյուղապետը:
Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Վրեժ Օհանյանը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած:
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։
Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։