Չեմ հավատում, որ կգնաք Ծառուկյանների ընտանիքը, կամ այլ օլիգարխների ու կպարտադրեք ետ վերադարձնել …
՛՛Մեկը վրանում նստած արդեն համակերպվել է, որ բոլորը պարտվել են: Նա նույնիսկ քաղաքական ծրագիր չի ներկայացնում՛՛,-քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այսպես արտահայտվեց: Ներկայացնելով մյուս թեկնածուների մասին իր տեսակետը՝ քաղաքագետը նշեց, որ Արման Մելիքյանի մասին չգիտի ինչ ասի, բացի նրանից, որ նա եղել է ԼՂՀ նախկին արտգործնախարար:
՛՛Սեդրակյանն արդեն կանխագուշակել է, որ բանտ է նստելու: Նրանք սարքում են ընտրությունները ոչ թե թատրոն, այլ կրկես՛՛,-հավելեց քաղաքագետը:
Նա անլուրջ է համարում նաև Հրանտ Բագրատյանին: ՛՛Ինքն ուղղակի մտածում է, որ Հայաստանում չեն մնացել մարդիկ, որ իր արած ՛՛տնտեսական հրաշքները չեն հիշում: Հայտարարում է, որ լավ վարչապետ է եղել, բայց ինքը ինչ-որ մեկի օժանդակ ուժն է, ու արի, մնա այդ կարգավիճակում, մի ապացուցի, որ կոոպերատիվ տնտեսությունն այն ժամանակ հնարավոր չէր, իսկ հիմա հնարավոր է՛՛,-Բագրատյանին խորհուրդ տվեց Շաքարյանցը:
Քաղաքագետը քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ամենալուրջ դեպքը Պարույր Հայրիկյանի դեմ արված մահափորձն է համարում: Ամենաակտիվները, ըստ քաղաքագետի, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են: Վերջինիս առաջարկած նախընտրական ծրագրի վերաբերյալ Շաքարյանցն ասաց.
՛՛Րաֆֆին 250 միլիարդ դրամ է վերադարձնելու, ընտրողն ուզում է հասկանալ՝ ո՞նց, միայն Սաակաշվիլիզմը կրկնելով կարելի է հասնել դրանց: Ես չեմ հավատում, որ կգնաք Ծառուկյանների ընտանիքը, կամ այլ օլիգարխների ու կպարտադրեք ետ վերադարձնել … Դու այդքան գումար չես ստանա, կամ ուժով պիտի առգրավես՛՛:
Կոռուպցիան վերացնելու Հովհաննիսյանի ծրագիրը քաղաքագետը հեքիաթ անվանեց: ՛՛Երկու անգամ երկու կառույցում չես կարողացել կոռուպցիա ջարդել, դու արդեն հեքիաթ պատմող ես, նոր աշխաատեղեր ես ստեղծելու՝ որտեղ, ինչպես: Քանդելու ես մենաշնորհը, ինչի համար, որ բերես դրսի մենաշնորհը՛՛,-նշեց Սերգեյ Շաքարյանցը: