Ընտրությունների հաջորդ օրվանից պայքար է սկսվելու
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հետընտրական գործընթացներն առավել հետաքրքիր կլինեն:
“Արդեն պայքար է գնում հետընտրոկան զարգացումների առնչությամբ: Սովորաբար այն ընտրություններում, երբ նախագահը կարող է երկրորդ ժամկետ գնալ, ընտրություններն այդքան սուր բնույթ չեն կրում, իսկ այս ընտրություններից հետո գնալու է պայքար հաջորդի համար: Այն չի սկսվելու 2017թ-ից, այլ հենց ընտրությունների հաջորդ օրը”,-ասաց փորձագետը` հավելելով, որ այժմ ասել, թե “ով կլինի հաջորդը երեխայություն է”:
Քաղտեխնոլոգը չբացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. “Քանի որ տեսել ենք և Կարեն Դեմիրճյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Իր խոսելը չի կարելի համարել հիմք իր վերադառնալու համար, սակայն չի էլ կարելի բացառել: Ամեն դեպքում նրան որպես ընդդիմադիր չեմ տեսնում”:
Քաղտեխնոլոգի համոզմամբ, նախագահական ընտրություներում երկրորդ տեղում լինելը դա նույնն է, ինչ ութերորդ տեղը: “Տարբերություն չկա ,քանի որ ԱԺ չէ, որ տեղեր բաշխվեն, և իմանանք, թե ով ինչքան տեղ կունենա խորհրդարանում”:
Հետընտրական գործընթացներից փորձագետն առանձնացրեց ԲՀԿ-ի վերադարձի հարցը. “Հետաքրքիր կլինի հետևել ԲՀԿ-ի որոշումներին` կվերադառնան, թե ոչ` չնայած ինձ համար պարզ չէ, թե ուր են գնացել: Հարց է`ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, թե կմնա այլընտրանք, և կփորձի մտնել ընդդիմություն: Սակայն չի լինում մեջտեղում` կամ իշխանություն, կամ ընդդիմություն: Իրենք պետք է կողմնորոշվեն”:
ՀԱԿ-ի շուրջ եղած զարգացումների վերաբերյալ քաղտեխնոլոգը նկատեց, որ նրանց խնդիրը երկխոսություններն են տարբեր ուժերի հետ:
“Նիկոլ Փաշինյանի մասին չէի ասի, թե նա ռադիկալ է, և փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում: Նախընտրական շրջանում այդ ամենը օգտագործել շատ հեշտ է, սակայն երկար այն չի աշխատում”,-ասաց Քոչարյանը: