Անդրիասը կուսակցություն չի ստեղծի, բայց կմնա քաղաքականության մեջ
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դեռ չի որոշել` արդյոք փետրվարի 18-ին կմասնակցի ընտրություններին: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին ասաց Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե ինչ տվեց հացադուլը թեկնածուին, նա պատասխանեց, որ մարդիկ սկսել են հասկանալ խնդրի ու Ղուկասյանի պահանջների էությունը:
”Սփյուռքի նախարարն էր գնահատել նրա քայլերը, արձագանքներ ենք տեսնում, մարդիկ սկսում են հասկանալ ու գնահատել, մարդիկ այցելում են, առաջարկում են միանալ իր հետագա գործողություններին, նրան այցելում են նույնիսկ կուսակցականներ”,-ասաց Գրիգորյանը, նշելով, որ ընտրություններից հետո ևս Ղուկասյանը չի հեռանալու քաղաքականությունից: Հիմա իրենք քննարկում են հետագա անելիքները.
”Հիմա քննարկում ենք ռազմավարությունը, ամբողջացնելու ենք կոնտակտային լիստը, արձագանքները, ընտրություններից հետո կամբողջացնենք ռեսուրսները, կաշխատենք այդ մարդկանց հետ”,-ընդգծեց Գրիգորյանը:
Նա բացառեց, որ իրենք կուսակցություն կստեղծեն: ”Դժվար թե կուսակցություն ստեղծենք, դա սահմանափակում է գործողությունները, իսկ շարժման դեպքում հնարավորություն ունես հասարակության ավելի լայն շերտեր ներգրավել, ավելի մեծ հասարակական աջակցություն ունենալ, բացի այդ կուսակցությունները Հայաստանում ճգնաժամի մեջ են”,-կարծիք հայտնեց Ղուկասյանի շտաբի ղեկավարը:
Henaran.am-ի հարցին, թե ինչու են մարզերում պաստառներ փակցնում այն դեպքում, երբ հայտարարում են, որ քարոզարշավ չեն իրականացնում, թեկնածուի ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ պաստառների միջոցով իրենք նաև մարզերի բնակիչներին են տեղեկացնում Ղուկասյանի հացադուլի մասին: Պաստառները նա քարոզչական չի համարում: