Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը:
Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել դպրոցներ և մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև արդեն իսկ նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա: