07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը պարզաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի մասին հարցը

Այսօր Թբիլիսում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին` Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ: ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.

“Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:

Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը:

Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ:

Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:

Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:

Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ:

Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին”։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ