Թուրքիան հայտարարել է, որ Սիրիա զորքեր չի ուղարկել

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլիմազը հայտարարել է, որ իրենք Սիրիա զորքեր չեն ուղարկել ու չեն էլ պատրաստվում ուղարկել, հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ թուրքական զորքերը հատել են Սիրիայի սահմանը։
Այս կապակցությամ ԱՄՆ-ը քննադատությամբ հանդես եկավ։ ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ թուրքական զինված ուժերի կողմից քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի հրետանակոծումը հարուցել է ԱՄՆ-ի անհանգստությունը: «Մենք անհանգստացած ենք Հալեպից հյուսիս ընկած տարածքում առկա իրադրությամբ և մեր ջանքերն ենք գործադրում իրավիճակի լարվածությունը բոլոր կողմերից թուլացնելու նպատակով»,- ասել է Քիրբին՝ հորդորելով քրդերին ու թուրքերին կենտրոնացնել պայքարն ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: