Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ
Փետրվարի 7-ից 8-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ:
Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեի հետ:
Հանդիպման ընթացքում Ատրպատականի նահանգապետը պատրաստակամություն հայտնել է աջակցելու Հայաստանի հետ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Իր հերթին, դեսպան Թումանյանը նշել, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես գտնվում են Հայաստանի ուշադրության կենտրոնում: Շնորհավորելով նահանգապետին միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ ստեղծված նոր նախադրյալները, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը պետք է առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնել փոխշահավետ համագործակցության համար:
Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպել է նաև Թավրիզի քաղաքապետ Սադեղ Նաջաֆիի հետ: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել մայրաքաղաք Երևանի և Թավրիզի միջև գոյություն ունեցող ակտիվ համագործակցությունը, ինչը ամուր հիմք է ծառայում երկու քաղաքների միջև հարաբերությունների առավել խորացման համար:
Դեսպան Թումանյանի՝ Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի տեղակալ Աբոլֆաթ Էբրահիմիի հետ հանդիպման ընթացքում կարևորեց առևտրի պալատների դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծվեց ստեղծված նոր իրավիճակում երկկողմ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Ռեզափուր Մոհամմադիի հետ: Քննարկվեց կրթական հաստատությունների վկայականների փոխճանաչման, ինչպես նաև համալսարանական, գիտական և հետազոտական աշխատանքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Դեսպան Թումանյանն այցելել է նաեւ «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտի», որտեղ հանդիպեց տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղիի և Ջուլֆայի կուսակալ Մահմուդիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը երկկողմ գործարար կապերի հնարավորություններին լավագույնս ծանոթանալու համար: Այդ համատեքստում դեսպան Թումանյանը նշել է, որ ազատ տնտեսական գոտիները մեծ դեր կարող են խաղալ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում:
ՀՀ դեսպանն այնուհետեւ այցելե է նաև «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտում» գործող մի շարք արտադրական ձեռնարկություններ և կառուցվող խոշոր ջերմոցային տնտեսություն, ինչպես նաև Թավրիզի «Danna» դեղագործական ընկերություն և ծանոթացավ գործարանի արտադրական հնարավորություններին:
Դեսպան Թումանյանն եղել է նաև Ջուլֆայում գտնվող «Հովիվի» մատուռ, որը UNESCO-ի կողմից գրանցված է որպես նյութական մշակութային ժառանգության հուշարձան: