Էթիկայի հանձնաժողովը մերժեց 83-ի դեմ դիմումը
ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր կազմով այսօր անդրանիկ նիստն է գումարել եւ մերժել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:
Henaran.am-ին հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ “Ժառանգության” պատգամավոր Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջարկվել է որոշման երկու նախագիծ, սակայն որոշումն ընդունված համարվելու համար անհրաժեշտ 4 ‘’կողմ’’ ձայներն այդպես էլ չի հաջողվել հավաքել եւ դիմումը համարվել է մերժված:
Նշենք, որ նախագծի առաջին տարբերակը նախատեսել է ընդունել որոշում առ այն, որ բոլոր 83 պատգամավորները խախտել են պատգամավորական էթիկայի կանոնները: Այս որոշմանը կողմ են եղել միայն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները` Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը:
Նախագծին ”դեմ” են քվեարկել ՀՀԿ -ական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանը: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չի ներկայացել նիստին:
Թեւան Պողոսյանի փոխանցմամբ, հանձնաժողովի օրակարգային մյուս երկու հարցերի շուրջ որոշում է կայացվել շարունակել քննարկումը հանձնաժողովի հաջորդ նիստին` փետրվարի 21-ին: Այդ օրը Էթիկայի հանձնաժողովը կշարունակի քննարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցը:
Հիշեցնենք, որ նրա կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ դիմում Էթիկայի հանձնաժողովին ներկայացրել էր ‘’Ռազմավարական մշակումների կենտրոն’’ ՀԿ-ն: ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և բրոքերություն է անում` հեռախոսով բանակցում տարածքների վարձակալության պայմանների շուրջ:
Մյուսը “Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի ներկայացրած դիմումն է, որը վերաբերվում է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողը կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել էր հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛: